Շվեդ հետաքննող լրագրող Ռասմուս Քանբյոքը Շվեդիայի Blankspot պարբերականում լրագրողական հետաքննություն է հրապարակել։ Նա բացահայտել է, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններ էին սկսվելու, Ստոկհոլմում գործող շահույթ չհետապնդող մի կազմակերպություն՝ Անվտանգության եւ զարգացման քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտը (ISDP), որը խորհրդատվական ծառայություն է մատուցել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը, միաժամանակ գաղտնի գումար է ստացել Ադրբեջանի կառավարությունից: Լրագրողը դա համեմատել է մի իրավիճակի հետ, երբ, օրինակ, Գազպրոմի ֆինանսավորած X կազմակերպությունը ուկրաինական պատերազմի վերաբերյալ «անաչառ» վերլուծականներ հրապարակի:
Անցած մեկ տարվա ընթացքում Քանբյոքը Շվեդիայի Blankspot պարբերականի համար իրականացրել է մի շարք ուշագրավ հետաքննություններ: Շվեդիայի կառավարության Ադրբեջանի հետ ունեցած կապերի, դրանց թվում՝ լրագրողների համար Ադրբեջանի կազմակերպած գործուղումների վերաբերյալ հետաքննությունը լրագրողի հերթական սխրանքներից ընդամենը մեկն է: Առաջադեմ շվեդ լրագրող Ռասմուս Քանբյոքը հայ ընթերցողին հայտնի է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին «Ամեն օր ես դանդաղ մահանում եմ» գրքով:
«Ալիք Մեդիա»-ում Ռասմուս Քանբյոքի մերկացում-հոդվածը կարդացե՛ք վաղը՝ մայիսի 21-ին: