Արցախյան շարժման մասին խոսում են որպես համաժողովրդական պոռթկման, երբ բոլորս մի բռունցք էինք, միակամ, միասնական, մեկս մյուսին հարեհաս, կարեկից, աշխարհասփյուռ հայությամբ՝ մեկ նպատակի շուրջ համախմբված։
Արտաքուստ, գուցե, այդպես է, եթե ուզում ես հարթակից ճառ կամ քնարա-պաթոսախառը ոտանավոր արտասանել։ Իրական պատկերը շատ ավելի խճանկարային է։ Մեկ-երկու ամիս առաջ «Ազատ Արցախ» թերթին հարցազրույց էր տվել 88-ի ամենաեռանդուն դեմքերից մեկը եւ պատմել, թե ինչպես են պատվիրակություն ուղարկել նոր-նոր մարզկոմի քարտուղար ընտրված Հենրիկ Պողոսյանի մոտ։
Ով 1988-ի փետրվարյան այդ օրերը հիշում է, կվկայի, որ ի թիվս այլ՝ Գորբաչովին, կոմկուսի «իմաստուն» քաղաքականությունը փառաբանող ցուցապաստառների, հրապարակի վրա ծածանվում էր թերեւս միակ հայատառ գրությամբ կարմիր կտորը․ «Կեւորկովը գնաց, պոչը մնաց»։
Այդպես էր կուսնոմենկլատուրայի մի հատվածը «ողջունում» մարզկոմի նորընտիր քարտուղարին։ Եվ պատվիրակությունն էլ, ըստ ամենայնի, գործուղված էր նույն այդ շրջանակների կողմից, որոնք մարզի փաստացի ղեկավարի պաշտոնում տեսնում էին իրենց մարդուն։
Ի՞նչ է կատարվում։ Հենրիկ Պողոսյանի մոտից վերադարձած պատվիրակները փաստում են, որ նա «շարժման հետ չէ», եւ տեղում էլ, ինչպես հանրապետական թերթին աշխատակից ականտես-մասնակիցը, թերեւս գործի կազմակերպիչներից մեկն է պատմում, որոշում են ստեղծել «ղեկավար մարմին»։
Հենց մարզկոմի շենքի դիմացի հրապարակում՝ լապտերների լույսի տակ։ Իհարկե, պահպանվում է «ժողովրդավարությունը»։ Լենինի արձանի տրիբունայից «ժողովրդին» հարցնում են․ «Ու՞մ եք տեսնում շարժման ղեկավար մարմնի կազմում»։ Մարդիկ անուններ են տալիս, գրանցողն արձանագրում է, հետո ցուցակը «սեղմում են» եւ վերջում հռչակում, որ ահա այս կազմով ստեղծում ենք «Կռունկ» կոմիտե։
Ինչո՞ւ։ «Որովհետեւ մարզկոմի քարտուղարը շարժման հետ չէ»։ Արցախում սա, երեւի, առաջին իշխանափոխությունն էր։ Հետո եղավ այնպես, որ ԼՂԻՄ-ից ընտրված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորները Մոսկվայում կենտրոնական իշխանություններին միջնորդեցին, որ լուծարվի մարզային խորհուրդը՝ գործկոմով հանդերձ։
Ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե, բայց մայիսի 9-ին Հայրենական պատերազմի մի խումբ վետերաններ հենց հուշահամալիրում անթաքույց օստրակիզմի ենթարկեցին Մոսկվայից Արցախում «տեղապահ» նշանակված Վոլսկուն, իսկ օգոստոսին կուսնոմենկլատուրան եւ շարժման երիտթեւը համաձայնության եկան, հրավիրեցին մարզի բնակչության լիազոր ներկայացուցիչների հավաք, ընտրեցին Ազգային խորհուրդ, մի մարմին, որը ո՛չ ֆինանսական միջոցներ ուներ, ո՛չ վարչական-ուժային լծակներ եւ ո՛չ իսկ «ձեռքի կառավարման» նվազագույն գործիքակազմ։ Բայց անունը բարձր էր հնչում. Ազգային խորհուրդ՝ իր նախագահությամբ եւ նախագահով հանդերձ։
Տարի-տարիուկես անց անհրաժեշտությունը պարտադրեց վերադառնալ մարզային խորհրդի գործադիր կոմիտեի լիազորությունների վերականգնմանը, բայց նախագահի ընտրության հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, եւ ֆորմալ իշխանության հոգսը մնաց Լեոնարդ Պետրոսյանի ուսերին։
Իշխանության հարցը չլուծվեց նաեւ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրություններով․ մի գիշերվա մեջ բացահայտվեց, որ պատգամավորների գրեթե երկու երրորդը ՀՅԴ-ական է, բայց նույն այդ մեծամասնությունը Արթուր Մկրտչյանից հետո այդպես էլ չկարողացավ ԳԽ նախագահ՝ պետության ղեկավար ընտրել։
Ճգնաժամը որոշակիորեն հանգուցալուծվեց արդեն հրադադարից հետո, երբ Գերագույն խորհուրդն օրենքով ստեղծեց նախագահի պաշտոն եւ լիազորությունների երկամյա ժամկետով ընտրեց Ռոբերտ Քոչարյանին, նա էլ վարչապետի պաշտոնով Երեւանից հետ Ստեփանակերտ հրավիրեց Լեոնարդ Պետրոսյանին։
Քաղաքական հավասարակշռությունը, սակայն, կարճ տեւեց։ 1997-ի մարտի կեսերին Ռոբերտ Քոչարյանը թողեց ընդամենը երեք ամիս առաջ համաժողովրդական ընտրությամբ ստանձնած՝ ԼՂՀ նախագահի պաշտոնը եւ նշանակվեց Հայաստանի վարչապետ։ Օրենքով քառասուն օրվա ընթացքում պետք է կազմակերպվեր նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նախագահի պաշտոնակատար էր մնում վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը, բայց ընտրություններն անցկացվեցին սեպտեմբերին, մինչեւ համաձայնության կգային նախագահի թեկնածուի հարցում։
Լեոնարդ Պետրոսյանի փոխարեն ընտրությունը կանգ առավ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի վրա, Լեոնարդ Պետրոսյանը մնաց վարչապետի պաշտոնում։
Մեկ տարի չանցած՝ ներքաղաքական սուր հակասությունների պատճառով Արկադի Ղուկասյանը ցրեց կառավարությունը։ Վարչապետ նշանակվեց Ժիրայր Պողոսյանը։ Լեոնարդ Պետրոսյանը կրկին տեղափոխվեց Երեւան, իսկ արդեն 1999-ի ամռանը բացահայտվեցին Արկադի Ղուկասյան-Սամվել Բաբայան սուր տարաձայնությունները։ Ժիրայր Պողոսյանը պաշտոնանկ արվեց, վարչապետ նշանակվեց Անուշավան Դանիելյանը, Սամվել Բաբայանը նախ զրկվեց պաշտպանության նախարարի, ապա եւ ՊԲ հրամանատարի պաշտոնից։
Հետագա իրադարձությունները քիչ թե շատ հայտնի են, բայց խորքային առումով մնում են առեղծված։ Շատ դժվար է հասկանալ․ եթե տասը տարի անց Բակո Սահակյանը կարող էր երրորդ ժամկետով նախագահ պաշտոնավարել, ի՞նչն էր խանգարում, որ Արկադի Ղուկասյանը 2007 թվականին չհեռանար։ Մանավանդ որ մեկ տարի առաջ էր ընդունվել սահմանադրությունը։ Անիմանալի է նաեւ, թե 2017- ին Արցախում սահմանադրություն փոխելու ի՞նչ անհրաժեշտություն կար։
Շարժումը՝ շարժում, ժողովրդական բանահյուսությունն էլ թող իր տեղում մնա, բայց ինչո՞ւ է 88-ի «ընդհատակի» գործիչներից Մուրադ Պետրոսյանը Ֆեյսբուքում հատկապես այս օրերին գրառում կատարում եւ առաջարկում, որ «ռուսական կոմիտեի» վերահսկողության տակ Արցախում անցկացվեն ոչ թե նախագահի եւ Ազգային ժողովի, այլ «կառավարման մարմինների ընտրություններ»։ Սա արդեն «Կռունկ» կոմիտե ստեղծելու դեժավյու է կամ «ստեփանակերտյան սինդրոմի» նոր սրացում։ Իսկ գուցե դրանի՞ց է, որ վերջին օրերին Ստեփանակերտում դպրոցական երեխաների անունով «Զարթիր, լաո՛» են երգում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։