Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման ուղիների ապաշրջափակման ուղղությամբ:
Կառավարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ վարչապետը ողջունել է Թուրքիայի առաջատար դերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում: Զրուցակիցները պայմանավորվել են աշխատել միասին՝ բացելու ուկրաինական հացահատիկի պաշարների մատակարարման կենսական կարեւորության ուղիները եւ թուլացնելու պարենի համաշխարհային գների աճը:
Ջոնսոնը եւ Էրդողանը ընդհանուր խոր մտահոգություն են հայտնել Ուկրաինայում շարունակվող հակամարտության եւ եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հեռահար հետեւանքների վերաբերյալ:
Երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցին: Ջոնսոնը հույս է հայտնել, որ Թուրքիան կարճ ժամանակում կլուծի տարաձայնությունները դաշինքի անդամ դառնալ ցանկացող Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ: