ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 21-ին՝ 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային թեթեւ վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Մայիսի 21-ին ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը: ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է որակել: