«2020-ի սեպտեմբերի 27-ից հետո մեր կյանքում կատարված միակ լավ բանը եղբորս շիրիմը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղից Հայաստան տեղափոխելն է եղել». այսպես է սկսվում իմ ու Վայոց ձորում ապրող Գեւորգ Մեսրոպյանի զրույցը, հետո երկար լռում ենք, մխիթարանքի խոսքեր չկան:
Մեսրոպյանների ընտանիքը դեռ 1995-ին Վայոց ձորի Սերս գյուղից Արցախի Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղ էր տեղափոխվել: 2020-ի նոյեմբերին, Արցախում թողնելով 25 տարվա կյանքն ու ստեղծածը, ընտանիքը ստիպված վերադառնում է Սերս:
Հինգ տղաների մայր Թերեզա Մեսրոպյանն առաջին որդու կորուստը սգացել է 2018-ին: Արցախ Մեսրոպյանը, որ ժամկետային զինծառայող էր, դիպուկահարի կրակոցից է զոհվել: Մյուս որդին՝ Հովսեփը, պայմանագրային զինծառայող էր: Ինքն ավելի վաղուց էր վերադարձել հայրենի գյուղ ու հսկում էր հարեւան Բարձրունիի սահմանները:
44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 9-ին, Հովսեփին եւ ընկերներին Բարձրունուց Արցախ են տեղափոխել: Երկու օր անց տղայի հետ կապը կտրվել է: Երիտասարդի մասունքները գտել են զոհվելուց մոտ մեկ տարի անց միայն:
«Այդ ամբողջ ընթացքում եղել եմ բոլոր դիահերձարաններում, հիվանդանոցներում՝ Հովսեփից մի մաս գտնելու, հուղարկավորելու համար»,- պատմում է Գեւորգը: Երկու եղբայրներին կորցրած տղան չի մանրամասնում՝ ինչպես են կարողացել Քաշաթաղից փոքր եղբոր՝ Արցախի գերեզմանը Սերս տեղափոխել: Ձեռքերի ու ձայնի համաչափ դողը մատնում է՝ հեշտ չի եղել:
Ընտանիքը հայրենի գյուղ վերադառնալուց հետո փորձել է մի կերպ ոտքի կանգնել: Երեք եղբայրներով գյուղատնտեսական վարկ են վերցրել, խոշոր եղջերավոր անասուններ գնել, որ կարողանան ծայրը ծայրին հասցնել: 2021-ի օգոստոսին վարկով գնված մի քանի տասնյակ գլուխ խոշոր եղջերավոր անասունը հատել է հայ-ադրբեջանական սահմանը: Մինչ օրս դրանք չեն վերադարձվել, ընտանիքն էլ որեւէ փոխհատուցում չի ստացել:
«Մեր իրավապահ մարմիններից ոչ մեկը ոչինչ չարեց: Ամեն տեղ դիմել եմ՝ տարածքային կառավարման, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարարություններ, մարզպետարան, Վայքի զորամաս, 4-րդ բանակային կորպուս, Մարդու իրավունքների պաշտպանին, մինչեւ Նիկոլ Փաշինյան գնացել եմ, բայց ոչ մի անդրադարձ: Ասում են՝ սպասե’ք: 25 մլն դրամի վնաս ենք կրել, ու ոչ մի բան»:
Երեք օր անասունները հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում են եղել, բայց վերադարձնել չի ստացվել: «Ո”վ է տեսել՝ անասունը 3 օր կանգնի չեզոք գոտում, պաշտպանության նախարարությունը ոչինչ չանի: Ես ուզում էի գնալ, բայց ինձ մի բան պահեց, այ էն տղան (ցույց է տալիս դիպուկահարի կրակոցից զոհված եղբոր լուսանկարը), չէի ուզում եղբորս ճանապարհով գնալ»:
Մի քանի լրատվականներում այդ օրերին արձանագրվել է անասունների՝ Ադրբեջանի սահմանն անցնելու փաստը, մի քանի հուզիչ վերնագիր տարածվել, ու թեման փակվել է այնպես, կարծես ոչինչ չէր էլ եղել:
Որդիներին կորցրած մայրը սակավախոս է, շատ հարցեր չեմ տալիս, հետո անկեղծանում է՝ պետության ու մարդկանց անտարբերությունից է հուսահատվել: «Մենք ոչ մի բան չենք ուզում, միայն հարգանք՝ որպես հերոսի ընտանիքի, արհամարհված չլինենք բոլորի կողմից: Ամուսինս հիվանդանոց է ընկել, բոլոր թղթերով, արտոնություններով գնացել ենք, ասել են՝ պիտի վճարում անեք»:
Հետո հիշում է՝ ինչպես է ամուսինը գնացել Վայքի զորամաս՝ Հովսեփից մի լուր իմանալու: «Հրամանատարն ասել էր՝ փող էր աշխատում, պիտի մեռներ: Պատերազմ է: Սա ծնողին տալու պատասխա՞ն է»,- ասում է տիկին Թերեզան եւ արցունքները թաքցնելու համար շտապում խոհանոց, որ «սուրճը չթափվի»:
Որպես Արցախից տեղահանված ընտանիք՝ Մեսրոպյանները նաեւ պետությունից պիտի տարբեր օժանդակություններ ստանային, բայց միայն առաջին ամիսներին ստացել են 60-հազարական դրամները: Հետո տրվող օժանդակությունը դարձել է մոտ 20 հազար դրամ, սակայն ընտանիքը դրանից չի օգտվում: Այժմ նրանք Սերսում վարձով են բնակվում, ամսական 50 հազար դրամ վարձ են տալիս:
«Հիմա ասում են՝ հերթում եք, բայց հերթը ոչ մի կերպ չի հասնում: Ես էսքան ընկել եմ հետեւներից, ոչ մի բան չեն արել: Ամսական 20 հազար դրամ ստանալու համար մի էդքան էլ պիտի ծախսեմ, ընկնեմ հետեւներից: Դրա փոխարեն աշխատում եմ, հույսս էլ կտրել եմ պետությունից: Պատերազմի ժամանակ շատ մարդիկ սնանկացան, շատերն էլ, որ պատերազմի հետ ոչ մի կապ չունեին, հարստացան»,- ասում է Գեւորգը:
Հիմա ընտանիքի միակ ցանկությունն անտարբերության մեջ չապրելն է, ու որ պատերազմ չլինի նորից: «Անկախ դժվարություններից՝ ընտանիքով, համայնքով միասնական ենք եղել Արցախում: 2020-ից հետո կարծես ամենքի՝ թե՛ գյուղացիներից, թե՛ բարեկամներից, թե՛ պետությունից անտեսված, մեկուսացած լինենք»:
Դժվարությամբ ենք ընտանիքին հրաժեշտ տալիս: Առաջարկում են՝ երկար մնանք, հաճախակի այցելենք: Պարզապես ուզում են զգալ, որ իրենց հիշում են:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: