Համաշխարհային համաժողովի մաս կազմող «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան 2022»-ը Գյումրիում էր մեկտեղել շուրջ 120 ակտիվ երիտասարդների Հայաստանի հինգ մարզերից ու մայրաքաղաքից։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում քննարկման առարկան տվյալագիտության մեջ կանանց դերն ու նախաձեռնողականությունն էր։
Նախաձեռնությունն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի, Safe YOU-ի, Գյումրու, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինովացին լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ։
Մասնակիցները ծանոթացան նախձեռնողականության շնորհիվ հաջողության հասած կանանց պատմություններին, որոնք մեծ նվաճումներ են գրանցել տվյալագիտության ոլորտում։
Համաժողովի մասնակից Safe YOU-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանը «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան 2022» համաժողովի դեսպանն է։ Ասում է՝ Safe YOU-ն ինքդ քո մասին հոգ տանելու հավելված է, որտեղ կարող ես գտնել մասնագիտական խորհրդատվություն եւ մասնակցել կարեւոր քննարկումների։
Այս տարվա համաժողովը վերհանեց տվյալագիտության սոցիալական ու տնտեսական ազդեցությունը գյուղատնտեսության, հյուրընկալության, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում։
Օրինակ՝ Traps Analytics ընկերության համահիմնադիր Սոնա Սարգսյանն ուսումնասիրել է, թե ինչպես կարող է տվյալագիտությունն օգնել գյուղատնտեսությանը։ Ասում է՝ գյուղատնտեսը կարող է ներբեռնել հավելվածը, նկարել իր ջերմատանը գոյություն ունեցող վնասատուներին, եւ արդեն ծրագիրն իր փոխարեն կկատարի մնացած աշխատանքները․ ծանուցումներ կուղարկի, որ վնասատուներ են հայտնվել։ Նախատեսում են, որ այս ծրագիրը հաջողություն կունենա միջազգային շուկայում։
Արդեն երկու տարի հավելվածը կիրառության մեջ է։ Ունի 25 հազար շահառու Հայաստանում, Վրաստանում եւ Իրաքում։ Պատասխանատուներն ասում են՝ ծրագիրը Հայաստանում է ստեղծված, բայց գլոբալ խնդիր է լուծում։
Տվյալագիտության ոլորտում, սակայն, Հայաստանում բազմաթիվ ընկերություններ մասնագետների պահանջ ունեն, որի բացը կլրացնի «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան 2022» նախաձեռնությունը։ Գյումրիում կկազմակերպվի դասընթաց, որին մասնակցելով՝ երիտասարդները տվյալագիտության առաջին եւ հստակ քայլերը կանեն։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։