Վարշավայում մեկնարկած Grand Chess Tour 2022-ի երկրորդ փուլի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։ Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Կարուանային 7 միավորով հաջորդում է ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանը։ Նա տարել է 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի:
5,5 միավորով երրորդ տեղում է լեհ գրոսմայստեր Յան-Քշիշտոֆ Դուդան։
Արագ եւ կայծակնային մրցաշարերի ընդհանուր հաշվարկով մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը՝ 19 միավորով։
Անանդին հաջորդում է Դուդան, որն ունի 17,5 միավոր: Ֆաբիանո Կարուանան եւ Լեւոն Արոնյանը 17-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:
Կայծակնային շախմատի երկրորդ շրջանի պարտիաները կանցկացվեն այսօր՝ մայիսի 23-ին։