«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում մայիսի 21-ին Մարիամ եւ Երանուհի Ասմազյան քույրերի պատկերասրահում «Վերջին ընթրիք» ցուցահանդեսի բացումն էր։
Ներկայացված էին Գյումրու ամենաինքնատիպ արվեստագետներից մեկի՝ Արմեն Տեր-Մկրտչյանի տարբեր ժամանակներում եւ տարբեր տեխնիկայով արված նկարները։
19-րդ դարում սկիզբ առած եզակի մեթոդով՝ ռեզինոտիպ տեխնոլոգիայով արված նկարներում հացն ու գինին խոսում էին տարբեր լեզուներով՝ իսկ թե ինչ էին պատմում, որոշողը միջավայրն էր, որոնցում դրանք դրել էր հեղինակը:
Մասնագետներն ասում են՝ այս տեխնոլոգիայով արված աշխատանքները հոգին թափանցելու հատկություն ունեն: Թանգարանի այցելուները վստահեցնում են, որ սրահում իսկապես գինու եւ հացի բուրմունք էր տարածվել:
Ռեզինոտիպ տեխնոլոգիան գյումրեցի արվեստագետի ձեռքում նորովի ու վերափոխված է ներկայանում: Տեր-Մկրտչյանը վերամշակել, սեփական փորձարկումների եւ գյուտերի արդյունքում արված հայտնագործություններով ավելի է կատարելագործել այն: Ասում է՝ ամեն մի նոր նկարը ստանալու համար ամենաքիչը 15 րոպե, ամենաշատը մինչեւ երկուսուկես ժամ է պահանջվում:
«Այս տեխնիկան բազմաթիվ դժվարություններ ունի, դրա համար քչերին է գրավում: Սա ֆոտոնկարչության հետ ոչ մի կապ չունի, այստեղ արեւի լույսի առկայություն է պետք միայն, արհեստական լույսով սա չի լինի»,-ասում է արվեստագետը:
Գալով տեխնոլոգիայի էությանը, գյումրեցի արվեստագետ, պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը բացատրում է. «Ավազային նյութի փոշու պիգմենտները ուլտրամանուշակագույն ճառագայթներից քայքայվում են ու պատկերը մնում է թղթի վրա»:
Ցուցահանդեսին ներկա Հագեթա Թադեւոսյանը հեղինակի ուսանողուհին է: Ասում է՝ Արմեն Տեր-Մկրտչյանը միշտ առանձնանում է իր գործին անմնացորդ նվիրումով: «Այսօր մեկ անգամ եւս տեսա նրա վերաբերմունքը շրջապատի ու առարկաների նկատմամբ: Գինու եւ հացի այլընտրանքային մոտեցում տեսա, որոնք տարբեր համատեքստերում տարբեր նշանակություն ունեն»:
Պատկերասրահից տեղեկացնում են, որ դեռ 10 օր ցուցադրությունը կշարունակվի: Հեղինակն ու կազմակերպիչները հետագայում ավելի մեծ ու համալրված շարքով եւս մեկ նույնաբովանդակ ցուցահանդես են խոստանում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։