ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 23-ին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիային պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հաստատակամ հանձնառության եւ ներկայի եւ ապագա մարտահրավերներին միասին դիմակայելու պատրաստակաության մասին: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի դաշինքն արդեն վաղուց է խաղաղության եւ բարգավաճման անկյունաքար Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգներն ավելի ուշ կգործարկի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրական փոխգործակցության բազմակողմ համաձայնությունը: Ըստ ԱՄՆ նախագահի՝ դրա նպատակն է ԱՄՆ-Ճապոնիա համագործակցության ընդլայնումը տարածաշրջանի այլ երկրների հետ եւ որոշակի շահերի ապահովումը Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանի բնակիչների համար:
Միեւնույն ժամանակ Բայդենը Կիսիդային երախտագիտություն է հայտնել Ուկրաինային աջակցելու համար:
Մայիսի 23-ին ավելի վաղ ԱՄՆ նախագահին Տոկիոյի պալատի իր նստավայրում ընդունել Է Ճապոնիայի Նարուհիտո կայսրը: Ինչպես հայտնել է, Բայդենն ընդունման ժամանակ ընդգծել է ամերիկա-ճապոնական հարաբերությունների ուժը, որոնք հիմնված են երկու երկրների բնակիչների միջեւ խոր կապերի վրա:
Թայվանն ուժով գրավելու գաղափարն անպատեհ է. Բայդեն
Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տոկիո կատարած այցի ընթացքում հայտարարել է նաեւ, որ Թայվանի դեմ չինական լայնածավալ հարձակման դեպքում Վաշինգտոնը, ի տարբերություն ուկրաինական դեպքերի, ռազմական միջամտության կդիմի՝ ստանձնած պարտավորությունների համաձայն: Բայդենը հավելել է, թե ԱՄՆ-ը չի առարկում «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը, ավելին՝ հավատարիմ է բոլոր պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հենց այդ քաղաքականության շրջանակում։
«Բայց այն գաղափարը, թե Թայվանը կարելի է ուժով գրավել, պարզապես անպատեհ է։ Նման քայլը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը եւ շատ կնմանվի այն ամենին, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։