Օձունի տնամերձներում կարկտահարության հետքերն են թարմ, գյուղացիների դեմքին՝ արցունքն ու տխրությունը։ Երեկ տեղացած կարկուտը 20-25 րոպեի ընթացքում ոչնչացրել է հողին պահ տվածը։ Կրակոցներն էլ չեն օգնել․ ոմանք ձայն չեն լսել, մի մասն էլ ասում է՝ ուշացած են կրակել։ Ինչպես միշտ, գյուղացիները ոչինչ չեն կարողացել անել։
89-ամյա Էմմա Ճուղուրյանը կարկտահարության պահին տանը չի եղել։ Այլապես, ասում է, գոնե նորատունկ սածիլները ծածկելով կպաշտպաներ։ Լոլիկի, վարունգի, ոլոռի ու սոխի բերք, կարծում է, չեն ստանա, իսկ կարտոֆիլը հնարավոր է վերականգնվի։
«Խնձոր, տանձ, տերեւը հետը վեր ա արել։ Չկրակեցին կարգին, հենց էդ ա էլի։ Ամեն ինչ նորից պետք ա ցանեմ»,- ասում է տարեց կինը։
Հարեւանությամբ ապրող Լենիկ Կոստանդյանն էլ փաստում է՝ հակակարկտային կայաններն աշխատել են, երեկ, առաջին օրը՝ կրակել, բայց այսօր չկարողացան պաշտպանել։
«Գեղացու գործն էս ա։ Սաղ օրը հողիցը դուրս չենք գալի, մին էլ տենում ենք՝ մի րոպեում սրբեց, տարավ։ Ծառերը ջոկ, շիթիլները, կարտոշկեն, լոբին, բան չի մնացել։ Վրին ցոգոլնի կար, էլի մի բան դուրս կգար, բերքը լավը կըլներ։ Թոռիս կանչել էի, էկավ, քոմակ արավ, թոխրեց։ Հիմի հավես էլ չունենք, որ մտնենք հողը»,- սրտնեղելով պատմում է գյուղացի կինը։
Մինչեւ կարկուտը «հողից վեր չկենա», գյուղացիները չեն կարող ասել՝ ինչ են կորցրել, եւ ինչ է մնացել։ Համայնքապետարանում նույնպես հաշվարկներ դեռ չեն արել։ Միայն նախնական ուսումնասիրություն կա, որ Օձունում ավելի շատ գյուղի բարձրադիր մասի տնամերձներն են տուժել, իսկ Հագվի, Ամոջ գյուղերի հատվածում՝ վարելահողերը։
Օձունի վարչական տարածքում հակակարկտային 7 կայան է տեղադրված։ Դրանց կրակոցները վերահաս աղետից այս անգամ գյուղացուն չեն փրկել։
«Կայաններն աշխատում են, շահագործողը մենք ենք, բայց Դսեղից է կառավարվում՝ ԱԻՆ-ի կողմից։ Էնտեղից են նայում եւ համապատասխան ծառայություն մատուցում։ Իրենք նայում են ամպերի տեղաշարժը, մենք որեւէ անելիք այս առումով չունենք»,- նշում է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն ու փաստում՝ այսօրվա կրակոցներն ուշ են եղել, արդեն ձեւավորված կարկուտի ժամանակ, ինչն անարդյունավետ է։
Դաշտերում կարկուտի հասցրած վնասները համայնքապետարանում կհաշվեն տեղումների դադարից հետո։ Իսկ այգու բերքը կորցրած գյուղացիները չեն պատրաստվում հաշվարկներ անելու․ փոխհատուցման ակնկալիք չունեն։ Տարիների փորձից գիտեն՝ քամին տանիքն է քշել, կարկուտն ու ջուրը՝ այգին, բայց իրենց ոչ ոք չի հիշել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։