Հանրայինի եթերում բանավիճում էին իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորներ։ Ընդդիմությունը պնդում էր, որ Բրյուսելում հանդիպումը կատարյալ ձախողում է, ՔՊ-ական պատգամավորը՝ փորձում «քաղաքական ալքիմիկոսություն» անել։
Դա ջուրծեծոցի, եթերային թանկ ժամանակի զուր վատնում է, որովհետեւ իշխանության միակ «հոդաբաշխ» ուղերձն այն է, որ եթե «չգնանք բանակցությունների, այլընտրանքը Փառուխ-2-ն է»։ Ավելին՝ նրա խոսքի ենթատեքստում ակնարկ կար, որ Ադրբեջանը կարող է օգտագործել աշխարհաքաղաքական տուրբուլենտության պահը եւ Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծել։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների է գնում պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու նպատակադրվածությամբ։ Եվ այս իրավիճակում եթե Շառլ Միշելը խոսել է նաեւ «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայերի իրավունքներից եւ անվտանգությունից», պետք է համարել, որ բրյուսելյան բանակցությունները ձախողվա՞ծ չեն։
Այդպես է ստացվում։ Բայց այդ բանավեճի ընթացքում մի ուշագրավ միտք էլ ընդդիմության ներկայացուցիչն ասաց՝ ինչո՞ւ Միշելը չի խոսել նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական փոքրամասնության մասին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որքան դիտարկվում է, Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի բնակչության վերադարձի մասին անգամ Իլհամ Ալիեւը չի խոսել։
Պատերազմից կարճ ժամանակ անց նա հատուկ որոշմամբ լուծարել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կառույցը, որ գրանցված էր որպես ՀԿ, բայց պաշտոնական Բաքուն մշտապես պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի «որեւէ կարգավիճակի հարց կքննարկվի միայն այնտեղ ադրբեջանցիների վերադարձից եւ միջհամայնքային համերաշխություն հաստատվելուց հետո»։
Մադրիդյան սկզբունքներում նույնիսկ հատուկ կետով սահմանված է, որ ԼՂ բնակչություն ասելով հասկացվում է 1988 թվականի էթնիկ համամասնությունը։ Այսինքն՝ ապագա կարգավիճակի սուբյեկտ ճանաչվում է ոչ թե միայն արցախահայությունը, այլ նաեւ նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակչությունը։
Ինչո՞ւ է «Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավորն այսօր հիշեցնում, որ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ ԼՂ նախկին ադրբեջանական փոքրամասնությունը նշված չէ։ Ուզում է ասել, որ Լեռնային Ղարաբաղ վարչաքաղաքական միավորն այլեւս դիվանագիտական բառապաշարից դո՞ւրս է մնում։
Այո՛, հենց այդպես էլ ձեւակերպում է միտքը, իսկ իշխող ուժի ներկայացուցիչը որեւէ տրամաբանական առարկություն չի բերում՝ բացի նրանից, որ անընդհատ կրկնում է, թե նախ պետք է ապահովել արցախահայության անվտանգությունը, երաշխավորել նրա իրավունքները, ապա նոր «ածանցել կարգավիճակի հարցը»։ Ընդսմին, նա դարձյալ հղում է Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված անկայուն իրավիճակին՝ հասկացնելով, որ պետք է սպասել ավելի լավ ժամանակների։
Բայց չէ՞ որ Ադրբեջանն էլ իր հերթին ձգտում է նույն անկայունությունից սադրելու պատերազմի վերսկսման սպառնալիք եւ Հայաստանին պարտադրելու «քաղաքական կապիտուլյացիա»։ Մենք ինքնե՞րս ենք մտել Եվրամիության «թրենդի» մեջ։ Պատերազմից հետո առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորիմաստ խորհուրդ տվեց, որ չպետք է եվրոպական դիվանագիտությամբ գայթակղվել՝ հասկացնելով, որ ԼՂ «հարցի տերը Ռուսաստանն է»։
Սա առարկայական իրողություն է, ԼՂ-ում կանգնած է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Ի վերջո, որքան էլ մեզ համար ծանր, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը, ԼՂ-ում շփման գծի առկայությունը, որի եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով էլ տեղաբաշխված են ռուս խաղաղապահները։
Ինչպե՞ս կարելի է քաղաքական, իրավական, դիվանագիտական եւ անվտանգային այս ռեսուրսներն անտեսել, եթե չասվի՝ չեղարկել։ Դա ոչ միայն քաղաքականությանը, այլեւ պարզ տրամաբանությանն է հակասում։
Բրյուսել մեկնելուց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների թեման այդ հանդիպմանը քննարկվե՞լ է։ Մայիսի 24-ին հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, որ բրյուսելյան բանակցություններից Մոսկվայում, մեղմ ասած, այնքան էլ «ոգեւորված չեն»։
Երեւանի Ֆրանսիայի հրապարակի մասին կարելի է տարբեր կարծիքներ արտահայտել, բայց իրականության մեջ մեծ անհանգստություն կա։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է առնվազն ընդհանուր գծերով բացահայտել, թե ինչ գործընթացի մեջ է մտնում Հայաստանը, ինչ հանգրվան է պատկերացվում, որն է դրան հասնելու ճանապարհային քարտեզը։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում օպտիմալ կլիներ «սառեցման» տարբերակը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ելակետ պետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին համաձայնագիրը։ Հակառակ դեպքում «ատրճանակի փողի տակ» ռեժիմում որեւէ «համաձայնություն» լեգիտիմ չի լինի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։