Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ալիեւը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները՝ դրանք որակելով դրական։
Ալիեւը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացրած՝ հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։