Այսօր առավոտյան ճեպազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարեց հրաժարական տալու իր մտադրության մասին: Նա նշեց, որ պատճառը թիմի հետ Մելիայի դատական գործով համաձայնության չգալն է:
«Ես որոշում եմ ընդունել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, հավատում եմ, ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի մեր երկրի քաղաքականության մեջ բեւեռացման նվազեցմանը, քանի որ համոզված եմ, որ բեւեռացումն ու առճակատումն ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի եւ բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին»,- հայտարարել է Գախարիան:
Ընդդիմության ներկայացուցիչները ողջունում են Գախարիայի այս քայլը:
Նրա հրաժարականին նախորդել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի ձերբակալության վերաբերյալ դատարանի որոշումը, որից հետո երեկ՝ ամբողջ գիշերվա ընթացքում, ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել: Ոստիկանները, որոնք եկել էին Մելիային ձերբակալելու, նրան չկարողացան հանել շտաբից։