ՀՀ կենտրոնական բանկից հայտնել են, որ մայիսի 24-ի նիստի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։
Պայմանավորվածության համաձայն՝ Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ՀՀ կենտրոնական բանկից ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03%-ը (կամ 967 բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02%-ի մասնակցություն, մնացած 9,95%-ը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։
Գործարքի արժեքը կլինի շուրջ 873 միլիոն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 միլիոն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։
Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ձեռքբերման ՎՖԲ-ի մտադրության մասին հայտարարվել էր դեռեւս 2020-ի սեպտեմբերին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր, եւ իրականացվել անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։
Կենտրոնական բանկի խորհուրդը կարեւորում է Վարշավայի ֆոնդային բորսայի՝ որպես ինստիտուցիոնալ ներդրողի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը եւ կխթանի հայկական եւ լեհական կապիտալի շուկաների ինտեգրումը՝ նոր հնարավորություններ բացելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար։
Վարշավայի ֆոնդային բորսայի մշակած զարգացման ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ առեւտրային համակարգի զարգացում, ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների ընդլայնում, նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրում։