Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անցած շաբաթ ԱՄՆ այցից հետո իր համար այլեւս գոյություն չունի։
Էրդողանը նշել է, թե Թուրքիան բոլոր գործընկերներին բացատրել է իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում. երկիրը հանդես է գալիս ահաբեկչության կանխարգելման օգտին։ Այնինչ, ըստ Էրդողանի, այժմ Հունաստանով է անցնում «գյուլենականների ահաբեկչական կազմակերպության երթուղին դեպի Եվրոպա»։
«Մենք պայմանավորվել էինք, որ Աթենքի հետ մեր բանակցություններին երրորդ երկրներ չպետք է ներգրավվեն։ Դրանից հետո Միցոտակիսը հորդորում է Վաշինգտոնին F-16-ներ չվաճառել Թուրքիային»,- պնդել է Թուրքիայի նախագահը:
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն հայտարարել է, թե Հունաստանը մտադիր չէ Թուրքիայի ղեկավարության հետ վեճի բռնվելու Էրդողանի հայտարարություններից հետո:
«Վարչապետ Միցոտակիսը պաշտպանում է մեր ներքին եւ միջազգային շահերը, Հունաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է պատմության եւ միջազգային իրավունքի վրա, որքան էլ դա մտահոգում է ոմանց»,- ընդգծել է Իկոնոմուն։