Հայաստանում շարունակվում են մի շատ կարեւոր փաստաթղթի՝ հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները։ Արդեն հրապարակվել է փաստաթղթի երկրորդ նախագծային տարբերակը։ Քաղաքական եւ սոցիալական ընդհանուր լարվածության պայմաններում այդ գործընթացը կարծես թե դուրս է մնացել հանրային հետաքրքրությունների տիրույթից, որն էլ փաստաթուղթը մշակողների համար կարծես թե կանաչ լույս է վառել՝ այնտեղ շատ անընդունելի մոտեցումներ ներառելու համար։
Քանի որ ռազմավարության նախագծում առկա բացերն ու խնդիրները շատ են եւ սկզբունքային, դրանց հանգամանալից կարելի է անդրադառնալ մի քանի հոդվածների միջոցով։ Այս հոդվածում կներկայացվեն այն հիմնական կետերը, որոնք տեղ են գտել փաստաթղթում, սակայն անընդունելի են կամ լրջորեն վերանայման կարիք ունեն։ Հաջորդիվ կներկայացվեն նաեւ այն սկզբունքային բացերը, որոնք պետք է տեղ գտնեին ռազմավարական փաստաթղթում, բայց շրջանցվել են։
Հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռազմավարական փաստաթղթի ընդունումն ինքնանպատակ չէ, այս փաստաթուղթն ունի շատ կարեւոր առաքելություն՝ արմատապես եւ բազմակողմանիորեն կանոնակարգելու բնական պաշարների շահագործման գործընթացը եւ դրա հետ անմիջականորեն փոխկապակցված եւ զուգորդվող հարակից հարցերը՝ բնական պաշարների ողջամիտ օգտագործման, բացասական ազդեցություն կրող մարդկանց իրավունքների պաշտպանության, սոցիալ-բնապահպանական, հանրային առողջության վրա ազդեցության, տարածքային պլանավորման եւ այլն։
Այսպիսով՝ ռազմավարական փաստաթղթի ընդունման նպատակը եւ հանրային պահանջը հանքարդյունաբերության ոլորտի եւ դրա հետ պատճառահետեւանքային կապերով փոխկապակցված հարցերի հիմնովին կարգավորումն է։ Հենց այս խնդիրն է ի սկզբանե դրված եղել, որով հիմնավորվել է ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, եւ ոչ թե միայն ոլորտի աճն ու ընդլայնումն ապահովելու հիմնավորումներ գտնելը․ այդ հիմնավորումներն առանց ռազմավարության էլ տնտեսական քաղաքականությամբ իրականացվում են։
Միանշանակ է մի բան, որ այս ռազմավարության ընդունման նպատակը չէ ուղղակի հանքարդյունաբերության ոլորտի սրընթաց աճի համար հիմնավորումներ ներկայացնելը, ինչը բխում է ներկայացված փաստաթղթերի տեքստից․ առանց զուգորդող խնդիրները լուծելու այդ փաստաթուղթը չի կարող ծառայել այն նպատակին, որի համար ընդունվում է։ Այսինքն՝ չի բերելու ոլորտի համապարփակ կանոնակարգմանը, չի հանգեցնելու ոլորտի կայուն եւ համակարգված զարգացմանը։ Ստացվում է այնպես, որ «ռազմավարական» մակարդակով առաջարկվում է հանքարդյունաբերության անվերահսկելի էքսպանսիան սանձահարող եւ գործող օրենսդրությամբ ամրագրված գրեթե բոլոր սահմանափակումները, որոնք կներկայացվեն ստորեւ՝ փոխարենը չառաջարկելով գործուն մեխանիզմներ, որ հանքարդյունաբերական ներկայիս փնթի պրակտիկան տեսանելի ապագայում կբարեփոխվի։ Այդպիսի հիմք կարող է լինել, օրինակ, այն մոտեցումը, որ քանի դեռ ոլորտի ցուցանիշները չեն համապատասխանում ռազմավարության տեքստում ներկայացված բարձր ստանդարտներին, նոր հանքավայրերի շահագործման համար պետք է հայտարարվի մորատորիում։ Սակայն այդպիսի մոտեցումներ տեքստում չկան։ Այս փաստաթղթի տրամաբանությամբ՝ պետք է առանց որեւէ իրական սահմանափակման թույլ տրվի շահագործել ցանկացած հանքավայր։ Ճիշտ է, դա պետք է անել «միջազգային բարձր ստանդարտների» պահպանմամբ, սակայն իրական նախադրյալներ, որ այդ ստանդարտները կպահպանվեն, չկան։
Այս տեսքով ռազմավարության փաստաթուղթը սկսվում է կարծես երկրորդ փուլից՝ հիմնավորելով միջազգային փորձից բխող այս կամ այն համակարգի ներդրման անհրաժեշտությունը, մինչդեռ ռազմավարությունը պետք է նախ բացահայտի բնական պաշարների ողջամիտ օգտագործման սահմանադրական պահանջի բովանդակությունն ու ճշմարիտ ներկայացնի դրան զուգորդող ամբողջական համատեքստը, որից հետո միայն կարելի է քննարկել բուն հանքարդյունաբերության զարգացմանը վերաբերող առեւտրատնտեսական կամ տեխնիկական հարցերը (պաշարների հաստատման համար JORC կամ մեկ այլ համակարգի տեղայնացման նպատակահարմարություն եւ այլ հարցեր)։
Ներկայում հանրայնացված է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության արդեն երկրորդ նախագծային տարբերակը, որը ներկայացնում է ռազմավարությունը մշակող խմբի եւ այդ գործընթացը համակարգող պետական մարմինների մոտեցումները։ Փաստաթղթի այս տարբերակից հետո արդեն կարելի է արձանագրել, որ այս տրամաբանությամբ կառուցված ռազմավարական փաստաթուղթը կենսունակ չէ, եւ անգամ տեխնիկական ընթացակարգերով անցկացնելուց հետո այն չի կարող ավելացված արժեք հաղորդել այս պահին առկա ոլորտային քաղաքականությանը եւ ոչ էլ լուծումներ առաջարկել արմատացած խնդիրների կարգավորման համար, քանի որ պարզապես չի ճանաչում այդ խնդիրների հիմքում ընկած ամենաառանցքային գործոնների լեգիտիմ լինելը։ Մշակվող փաստաթուղթն ունի գործող հանքարդյունաբերական պրակտիկայի հետ համադրելիության մի քանի սկզբունքային բացեր թեկուզ հենց այն պատճառով, որ այս ռազմավարությունն ըստ էության չի վերաբերում գործող հանքարդյունաբերական պրակտիկային։ Այն չի առաջարկում իրական լուծումներ ոլորտի համընդհանուր հանրային մերժմանը հանգեցրած հիմնախնդիրների համար։
Փաստաթղթի ներքին տրամաբանության հակասություններից է այն, որ արձանագրելով հանդերձ ոլորտի մի շարք կարեւոր խնդիրներ, որոնք անհամատեղելի են պատասխանատու հանքարդյունաբերական պրակտիկայի հետ, միաժամանակ անբռնազբոս կերպով առաջարկում է հանքեր շահագործել նույնիսկ այն վայրերում, որտեղ մինչեւ հիմա ընդերքօգտագործումն անթույլատրելի էր կամ առնվազն վիճելի՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում, կարմիր գրքային կենսաբազմազանություն ունեցող վայրերում։ Միաժամանակ առաջարկվում է պարզեցնել ընդերքօգտագործման թույլտվությունների եւ դրան հարակից՝ հողօգտագործման, ջրօգտագործման եւ այլ իրավունքների տրամադրման մեխանիզմները։ Փաստաթուղթն ամբողջությամբ կազմված է այն կանխավարկածով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է սրընթաց զարգանա՝ չառաջարկելով տարածքային պլանավորման որեւէ սահմանափակում եւ փաստացիորեն ընդունելի համարելով հանքեր շահագործելը բոլոր այն տարածքներում, որտեղ կհայտնաբերվեն բնական պաշարներ։ Պաշարների գնահատման հիմքում էլ պետք է ընկած լինեն տնտեսական շահավետության պարզունակ ֆինանսական հաշվարկները՝ առանց մշակութային, բնապահպանական կամ այլ սահմանափակումների, որոնք այսօրվա օրենսդրությամբ ամրագրված են։
Հիմա թվարկենք ռազմավարության այս նախագծում տեղ գտած մի քանի խնդրահարույց մոտեցումներ եւ փորձենք բացել դրանց բովանդակությունը։
Հանքերի շահագործումը ներկայում արգելված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում
Ռազմավարության նախագծով առաջարկվում է հատուկ պահպանվող եւ առանձնացված տարածքներում, օրինակ՝ ազգային պարկի տնտեսական գոտում եւ միգուցե նաեւ տնտեսական գոտուց դուրս՝ առավել խիստ պահպանվող գոտիներում թույլատրելի համարել ընդերքօգտագործումը։ Մշակվող փաստաթղթով, կարծես Օվերտոնի պատուհանի սկզբունքով, հեռվից եւ զգուշորեն փորձ է արվում հանքարդյունաբերության առջեւ բացելու մի բան, որը մինչ այժմ փակ էր օրենքի ուժով՝ վտանգված եւ արժեքավոր կենսաբազմազանության պահպանման առաջնայնությունը։ Առաջարկվում է մշակել եւ ներդնել պահպանվող տարածքների արժեքի որոշման կարգ՝ «պահպանվող տարածք-ընդերքօգտագործում» եւ «ծախս-շահույթ» (cost-benefit analysis) վերլուծության մեխանիզմով։ Ընդ որում՝ ծախս-շահույթ վերլուծության հիմքում առաջարկվում է դնել ոչ թե, օրինակ, Եվրամիության շրջանակում գործող բարձր ստանդարտները՝ խոշոր տնտեսական ծրագրերի տնտեսական օգուտների ու վնասների հաշվարկման բանաձեւերով, որտեղ բացի ֆինանսական ծախս-օգուտից գնահատվում է ավելի լայն համատեքստ՝ լիարժեք սոցիալական բաղադրիչների հաշվառմամբ, այլ ընդամենն առեւտրային կորպորատիվ հաշվարկներ ֆինանսական շահութաբերության տեսանկյունից։ Այնուհետեւ առաջարկվում է այսօրինակ՝ առեւտրային մեթոդաբանությամբ համադրել հատուկ պահպանվող տարածքից ունեցած օգուտները ընդերքօգտագործումից առաջացած օգուտների հետ, այնուհետեւ կայացնել համապատասխան որոշում։ Բնականաբար, հաշվարկն էլ իրականացվելու է ծախս-շահույթ պարզունակ ֆինանսական հաշվարկի հիման վրա՝ շատ կանխատեսելի արդյունքներով։ Նշված մեխանիզմի ներդրումից հետո արդեն կարելի կլինի հանքեր շահագործել նաեւ պահպանվող տարածքում։
Այս մտքերը հիմնավորելու համար, իհարկե, հղում է կատարվում օտարերկրյա պրոֆեսորների խիստ հեղինակավոր աշխատանքների, թե ինչպես են աշխարհի շատ երկրներում ընդհուպ մինչեւ ուրանի հանքավայրեր շահագործվում հատուկ պահպանվող տարածքներում։ Ու կրկին անտեսվում է ներպետական պրակտիկան առ այն, թե քանի-քանիսն են այդ նույն՝ բարձր պահանջների կիրառման խոստումով սկսել Հայաստանում հանքավայրեր շահագործել, եւ ինչ է դրանից ստացվել։ Միայն Թեղուտի օրինակը բավարար է հիմնավորելու համար այսօրինակ մոտեցումների ժամանակավրեպ եւ մանիպույլատիվ լինելը։ Ընդ որում, խնդրի արմատը ոչ թե շահագործող ընկերությունների գործելաոճն է, այլ պետության արձագանքը չկատարված պարտավորություններին։ Այդ հանքավայրերը սովորական՝ փնթի եղանակով շարունակվում են շահագործվել։ Ո՛չ պետական համակարգի կողմից եւ ո՛չ էլ քննարկվող ռազմավարական փաստաթղթով չեն ներկայացվում գործուն լուծումներ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել դրանց գործունեությունը «բարձր միջազգային ստանդարտներին» համապատասխանեցնելու համար, ինչպես խոստացվել էր անել շահագործման թույլտվություն ստանալիս։ Չի հաջողվում այդ գործունեությունը համապատասխանեցնել գոնե ներպետական գործող օրենսդրությանը եւ նախագծային պայմաններին, էլ ուր մնաց «միջազգային ստանդարտներին»։ Այս պայմաններում ռազմավարական փաստաթղթում շարունակաբար խոսելը բնության հատուկ պահպանվող տարածքներում հանքավայրերի շահագործման թույլատրելիության մասին անընդունելի է։ Կարծում եմ արդեն կարելի է նաեւ փաստել, որ փորձագիտական խումբն ունի միակողմանի վերաբերմունք ոլորտի նկատմամբ, եւ նրանց կողմից գեներացված վերջնական փաստաթուղթը պետք է մանրակրկիտ կերպով ենթարկվի ռազմավարական էկոլոգիական գնահատման։
Հանրային բողոքի ճնշման եւ շրջանցման մեխանիզմների ներդրման առաջարկություն
Մշակվող փաստաթղթի ներքին հակասականության մասին է փաստում նաեւ այն շարունակական պնդումը, թե հանքարդյունաբերության նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքը գալիս է ոլորտի տված օգուտների մասին տեղեկացվածության պակասից։ Գործող հանքարդյունաբերությանը վերաբերող եւ փաստաթղթում ներկայացված խնդիրների թվարկումն արդեն բավարար է հասկանալու համար, թե ինչու է հանրությունն այդքան բացասաբար վերաբերվում այս ոլորտին։ Եվ խնդիրն ամենեւին խորհրդային ժամանակաշրջանից մնացած բացասական ժառանգությունը չէ, այլ հենց հիմա, այդ թվում հետխորհրդային շրջանում բացված նոր հանքավայրերի կառավարումն ու վերահսկողությունը։ Ի դեպ, ռազմավարության տեքստում որպես համայնքների կողմից ոլորտի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառ ուղիղ տեքստով նշված է նաեւ՝ «բնապահպանական ակտիվիստների ապատեղեկատվությունն ընդդեմ ցանկացած հանքարդյունաբերական գործունեության»։ Որպեսզի այսպիսի պնդումը լինի հիմնավոր, ռազմավարության հեղինակները պետք է ցույց տան մեկ հանքարդյունաբերական գործունեություն, որը համապատասխանում է իրենց պատկերացրած՝ բարձր ստանդարտների կամ գոնե նվազագույն ընդունելի չափանիշներին։ Եթե չեն կարող այդպիսին մատնացույց անել, ապա ինչո՞ւ է «բնապահպան ակտիվիստների» ասածը ռազմավարական փաստաթղթի մակարդակով որակվում որպես ապատեղեկատվություն։
Այսօրինակ տեքստերն, իհարկե, չեն խոսում դրա հեղինակների մասնագիտական բարձր որակների եւ սոլիդ փաստարկման բազայի մասին՝ եւս մեկ անգամ փաստելով անհատական մակարդակում արտահայտված կողմնակալությունը։ Այս համատեքստում էլ հենց անհրաժեշտ է արձանագրել, որ այս փաստաթղթի վրա աշխատող մասնագետների կորիզը կազմում են Ամուլսարի հանքավայրի խնդրահարույց նախագիծը մշակող ընկերության աշխատակիցները, որոնք կոռեկտ են համարում պետության համար մշակվող «ռազմավարական փաստաթղթում» ուղիղ տեքստով ամրագրել մեկ մասնավոր նախագծի՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման անհրաժեշտությունը։
Ներկայում բոլորի աչքի առջեւ իրականացվող անընդունելի հանքարդյունաբերական պրակտիկայի պայմաններում անիմաստ է առաջնահերթության կարգով քննարկել պաշարների հաստատման եւ նման ինչ-որ համակարգերի մասին, դա պետք է երկրորդի գործող հանքարդյունաբերության խնդիրների կարգավորմանը։ Սա շատ պարզ իրողություն է, քանի որ առանց գործող հանքարդյունաբերությունը կարգավորելու անհեթեթ է խոսել հանրության դրական վերաբերմունքի (cosial lisence) մասին։ Այլ կերպ ասած՝ շարունակվող անընդունելի պրակտիկայի պայմաններում Արդվի գյուղի բնակիչները թույլ չեն տալու իրենց հարակից տարածքներում հանքավայր շահագործել, քանի որ տեսնում են, թե իրենց հարեւան Արմանիս գյուղն ինչ վիճակում է՝ անկախ նրանից, թե ռազմավարական փաստաթղթերում «բարձրտեխնոլոգիական» ինչ լուծումներ կան, կամ բնապահպան ակտիվիստներն ինչ կասեն։ Սրանք այնքան պարզ բաներ են, որ չհասկանալ հնարավոր չէ, այն էլ այսքան ասելուց հետո։ Նույն կերպ՝ հնարավոր չէ նաեւ չհասկանալ, որ առանց այս առաջնային, համատեքստային խնդիրների լուծման ոլորտի զարգացմանը միտված ռազմավարական ոչ մի փաստաթուղթ կենսունակ չի լինելու։ Սա հատկապես պետք է լավ հասկացած լիներ այս ռազմավարությունը մշակող փորձագետների խումբը՝ հաշվի առնելով այն, որ նրա հիմնական կորիզը կազմում են Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագիծը մշակող մասնագետները։
Գործողությունների ծրագրում որպես «շրջակա միջավայրի վրա ազդեցության գործընթացի, հանրային քննարկումների ընթացակարգերի բարելավման անհրաժեշտություն» առաջարկվում է սահմանել «լսումների տապալման իրավական հետեւանքների հստակ ընթացակարգ»։ Իրավական հետեւանքները, բնականաբար, կարող են լինել ինչպես անհատական պատասխանատվության ձեւով, որն ըստ էության գործող օրենսդրությամբ էլ ենթադրվում է, այնպես էլ՝ հանրային քննարկումների այլընտրանքային տարբերակներ հնարելու միջոցով։ Գործնականում առաջարկվում է շրջանցել Օրհուսի կոնվենցիայով սահմանված՝ որոշումների ընդունման գործընթացին հանրության մասնակցությունն ապահովելու մեխանիզմը։ Սա այն եզակի մեխանիզմներից է, որը հանրությանը թույլ է տալիս հանրային քննարկումների միջոցով անցնցում կերպով դեմ արտահայտել իր համայնքում խնդրահարույց բնապահպանական նախագծերի իրականացմանը։
Գործող կարգավորումների համաձայն՝ պոտենցիալ հանքավայրին հարակից համայնքներում հանրային քննարկումների անցկացումը պարտադիր պայման է հանքարդյունաբերական նախագծերը հաստատելուց առաջ։ Համայնքի՝ այդ քննարկումներին խոչընդոտումը հստակ ցուցիչ է առ այն, որ մարդիկ ոչ միայն վճռականորեն դեմ են իրենց համայնքում այդ գործունեության իրականացմանը, այլեւ չեն վստահում թույլտվություններ տրամադրող համակարգին։ Ողջամիտ պետական կառավարման պարագայում այս ցուցիչները պետք է հիմք հանդիսանային ոլորտի առաջացրած խորքային խնդիրները գնահատելու եւ լուծումներ գտնելու համար։ Հենց այդ նպատակին է նաեւ ծառայում մշակվող ռազմավարությունը, որը պետք է անշահախնդիր եւ բազմակողմանի ուսումնասիրություն իրականացնի եւ դրա արդյունքում բացահայտված խնդիրները դնի պետական մարմինների սեղանին։ Փոխարենը ռազմավարությունը մշակողները եկել են հետեւության, որ պետք է հանքագործների շահերը պաշտպանել համայնքի բնակիչներից՝ սահմանելով խնդրահարույց հանրային քննարկումները շրջանցելու իրավական ընթացակարգեր։
Այս առաջարկը շատ հեռուն գնացող եւ ժողովրդավարական պետության սահմանադրական կարգին առնչվող արմատներ ունի․ մարդկանց չի կարելի պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նրանք ունեն առողջ շրջակա միջավայրում ապրելու բնական, իրենց կենսական իրավունքներից բխող պահանջ եւ իրավունք։ Այս հիմնախնդրի կարգավորման միակ ընդունելի ճանապարհն այն է, որ նախքան նոր թույլտվությունների տրամադրումը Հայաստանում գործող մյուս հանքավայրերը բերվեն բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվության այն մակարդակին, որը բխում է ռազմավարական փաստաթղթից, որից հետո հանրային կարծիքն ինքնաբերաբար կփոխվի։ Այս պահին Հայաստանում չկա գեթ մեկ հանքավայր, որը փոքր-ինչ մոտ կլինի նկարագրվող պահանջներին։ Հետեւապես շատ արդարացի եւ իրավաչափ է այն համայնքների բնակիչների բացասական նախատրամադրվածությունը հանքարդյունաբերության նկատմամբ, երբ չկա պատասխանատու կերպով շահագործվող հանքավայրի գոնե մեկ օրինակ, որը կարելի կլիներ մատնացույց անել ու ասել, որ իրենց համայնքում ահա այսպես է շահագործվելու։ Թույլտվությունների տրամադրման եւ պետական վերահսկողության ներկայիս պրակտիկայի պայմաններում ընկերությունները չէ, որ պատասխանատու են ոլորտի այսօրվա վիճակի եւ ոլորտի նկատմամբ հանրության համարժեք վերաբերմունքի համար, այլ պետական կառույցները՝ ոլորտը կանոնակարգելու հարցում իրենց անընդունակությամբ կամ ցանկության բացակայությամբ։ Այս իրականության պայմաններում հանրության բողոքի ձայնը իրավական մեխանիզմների կիրառմամբ ճնշելուն կամ շրջանցելուն միտված «ռազմավարական» առաջարկները ոչ միայն փաստացի անիրատեսական են եւ անիրագործելի, այլեւ իրավական առումով հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական։
Հաջորդ հոդվածներով կներկայացնենք ռազմավարության նախագծով առաջարկվող էլ ավելի անընդունելի մոտեցումներ այն մասին, որ ընդերքօգտագործողները հանքավայրի շահագործման թույլտվության հետ միասին պետք է օրենքի ուժով ստանան ընդերքի տեղամասի վրա գտնվող հողերի օգտագործման, ջրօգտագործման եւ այլ հարակից իրավունքներ, ինչպես նաեւ հանքարդյունաբերական ծրագրի ազդեցության տարածքում գտնվող այլ անձանց մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքներ։
Սույն հոդվածը հրապարակվում է «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության եւ Հայնրիխ Բյոլ hիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում:
Սույն հրապարակման բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, եւ այն որեւէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի տեսակետ։
Արթուր Գրիգորյան