Վարդան Հարությունյանը Կիեւում հատուկ «Ալիք Մեդիայի» համար զրուցել է խորհրդային շրջանի ամենահայտնի այլախոհ եւ իրավապաշտպան, Ղրիմի թաթարների ազգային շարժման առաջնորդներից Մուստաֆա Ջեմիլեւի հետ։
Պատերազմից առաջ եղած մեր զրույցի ժամանակ Ուկրաինայի սահմանի ողջ երկայնքով ռուսական զորամիավորումներ էին տեղակայված։ Սկզբում խոսվում էր 110, հետո՝ 130, ապա՝ 190000-անոց բանակի մասին։ Զորամիավորումների տեղաշարժերը խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը հարձակման է պատրաստվում։
Բայց ինչ էլ որ այսօր ասենք, հարձակումը, այն էլ լայնամասշտաբ, այն ժամանակ հավատալու չէր։ Դա տրամաբանությունից դուրս, մեծագույն հիմարություն հիշեցնող մի բան էր։ Բայց քանի որ մենք գիտեինք՝ Պուտինն առաջ էլ բազմաթիվ հիմարություններ է գործել, պատերազմի հավանականությունը չէինք բացառում։
Հարձակումից մոտ երկու շաբաթ առաջ Ուկրաինայի արտաքին հետախուզության պետի հետ ես մանրակրկիտ զրույց եմ ունեցել։ Նա խոսում էր հնարավոր հինգ ուղղություններից որեւէ մեկով հարձակման հավանականության մասին։ Հարց էր, թե որ ուղղությունը կընտրեն ռուսները։ Փետրվարի 24-ին՝ պատերազմի առաջին օրը, պարզվեց, որ նրանք բոլոր հինգ ուղղություններով միաժամանակ հարձակման անցնելու վճիռ են կայացրել։
Ի դեպ, ասեմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեր զրույցների ժամանակ նույնպես պնդում էր, թե Ռուսաստանը չի հարձակվելու։ Ելակետը նույնն էր՝ դա մեծագույն հիմարություն է։ Կրեմլից նույնպես հավատացնում էին՝ հարձակում չի լինելու։ Իսկ մենք, որ լավ գիտենք կրեմլյան ղեկավարների խոսքի գինը, կասկածում էինք։ Մեր կասկածները, ցավոք, իրականություն դարձան։ Լայնամասշտաբ պատերազմն այսօր իրականություն է։
Այո՛, շատ բան փոխվեց։ Պուտինն, անկասկած, չէր մտածում, թե Արեւմուտքը նման համախմբվածություն կդրսեւորի։ Հակառուսաստանյան նման դաշինք, սանկցիաների նման ծավալ, Ուկրաինային ցուցաբերվող ռազմական ու ֆինանսական նման աջակցություն պատկերացնել ու սպասել հնարավոր չէր։ Արդյունքը լինելու է Ռուսաստանի ծայրաստիճան թուլացումը։ Նրանց տնտեսությունը սանկցիաների ազդեցությանը դիմակայել չի կարողանալու։ Շատ շուտով նրանք նույնիսկ իրենց զինվորներին կերակրելու խնդիր են ունենալու։ Պատկերը հատկապես տեսանելի կլինի, երբ կյանքի կկոչվի նավթի ու գազի նկատմամբ ամբողջական էմբարգոն։ Ռուսաստանի պարտությունն անխուսափելի է։
Այսօր, սակայն, նրանք շարունակում են ավերել ու սպանել։ Պաշարներ դեռ ունեն։ Դեռ փորձում են իրենց անիրականանալի ծրագրերը կյանքի կոչել։ Հրաժարվում են ընդունելուց, որ տապալվել են, որ պարտվելու են։
Պատերազմը սարսափելի է, իհարկե։ Այն ցավ է, ավերածություն է, մահ է։ Բայց անգամ այս ֆոնին Ուկրաինայի ապագային ես մեծ լավատեսությամբ եմ նայում։ Հավաքական Արեւմուտքն արդեն հայտարարել է, որ սանկցիաները կշարունակեն գործել, քանի դեռ չի վերականգնվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ սա նաեւ Ղրիմի ազատագրում է նշանակում։ Ռուսական կողմում լուրջ անհանգստություն է նկատվում։ Մեր ձեռքն է ընկել Ղրիմի օկուպացիոն իշխանությունների կազմած մի ուղեցույց, որտեղ բնակիչներին առաջարկվում է պահեստավորել մակարոնեղեն, ալյուր, այլ ուտելիք, որովհետեւ, ըստ նրանց հաշվարկների, եթե Ուկրաինան ռմբակոծում է Ռուսաստանի Բելգորոդի մարզը, ապա նույն հաջողությամբ կարող է եւ Ղրիմին հարվածներ հասցնել։ Չեն բացառում ու պատրաստվում են արդեն Ղրիմի ուղղությամբ մեր հարձակմանը։ Շատ ռուսներ, որ 2014-ից հետո Ղրիմ էին տեղափոխվել, իսկ մեր հաշվարկներով նրանց թիվը միլիոնից ավելի է, փորձում են վաճառել իրենց բնակարանները եւ օր առաջ հեռանալ թերակղզուց։
Շատ է խոսվում, թե ինչ է պետք անել Ղրիմի կամրջի հետ։ Մի կողմից այդ կամուրջը օկուպացիայի սիմվոլն է, եւ մեր հայրենակիցները շատ են ցանկանում տեսնել այդ կամրջի պայթեցման հետեւանքով Պուտինի եւ մյուս օկուպանտների շփոթված դեմքերը, իսկ մյուս կողմից կարծիք կա, որ պետք է սպասել եւ հնարավորություն տալ, որ այդ կամրջով ռուսները հեռանան Ղրիմից։ Դա միակ ճանապարհն է։ Ինչից հետո կարելի է եւ պայթեցնել։
Մեր պառլամենտում արդեն քննարկումներ են ընթանում, թե ազատագրված Ղրիմի հետ կապված ինչ օրենքներ են պետք ընդունել։ Նախագծեր կան ղրիմթաթարական ժողովրդի կարգավիճակի, ինչպես նաեւ Ղրիմի ապագա կարգավիճակի մասին։ Ուկրաինայի Սահմանադրության 10-րդ գլխում պետք է փոփոխություն մտցվի եւ ճանաչվի Ղրիմը՝ Ինքնավար հանրապետություն։
Այո՛, ահագին ժամանակ է՝ կան այս քննարկումները։ Մենք համապատասխան փաստաթղթերն ու նախագծերն արդեն ներկայացրել ենք։ Առաջարկում էինք փաթեթով ընդունել։ Նախագահ Զելենսկին, սակայն, ասում է, որ պետք է հարցը ոչ թե փաթեթով, այլ քայլ առ քայլ լուծել՝ ըստ անհրաժեշտության։ Ինչեւէ։ Լուծում լինելու է։ Ողջ Ղրիմը, հատկապես Ղրիմի թաթարների արտաքսումից հետո, սովետիզացվել, ռուսաֆիկացվել ու միլիտարիզացվել է։ Պետք է վերականգնել պատմական տեղանունները եւ մշակութային ժառանգության հեղինակային իրավունքը։ Ծավալուն աշխատանք է մեզ սպասում:
Ողջն, իհարկե, բացատրվում է Լեռնային Ղարաբաղի խնդրով։ Ռուսաստանին Ղարաբաղը պետք է եղել ու պետք է միայն մեկ նպատակով, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին պահի իր ազդեցության տակ։ Բոլոր նրանք Հայաստանում, որ կարծել են, թե Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս կամ անկախ հանրապետություն, հույսը Ռուսաստանի հետ են կապել։ Հասկացել են, որ Ռուսաստանից բացի որեւէ այլ երկիր նման ծրագիր չի պաշտպանելու։ Իսկ Ռուսաստանին, արդեն ասացի, պետք է եղել ու պետք է ոչ թե լուծված, այլ բորբոքվող հակամարտություն։ Այդ պատճառով են նրանք Հայաստանին իրենց աջակցությունը խոստացել մշտապես։
Միջազգային իրավունքի ու տարածքային ամբողջականության հարցեր կան, ՄԱԿ-ի ռեզոլյուցիաներ կան, որոնց պարագայում Լեռնային Ղարաբաղի հարցի հայանպաստ կարգավորումը քիչ հավանական է։ Բայց հակամարտության առկայության պարագայում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հասկանալի է. նրանք ստիպված են եղել լինել Ռուսաստանի կողքին։
Բայց Ղարաբաղի խնդրի լուծված չլինելը բոլորովին էլ չի բխում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից։ Պետք է տեղավորվել միջազգային իրավունքի համատեքստում։ Եթե դու կոնյունկտուրայից ելնելով ու հենվելով այլ ուժի աջակցության վրա գնում ես այլ ճանապարհով, ապա փակուղի ես մտնելու։ Անպայման ճգնաժամ է լինելու։
Ես կարծում եմ, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պետք է նորմալ ու բարիդրացիական, իսկ ապագայում գուցե եղբայրական հարաբերություններ ունենան։ Սա կօգնի, որ այս երկու երկրները հնարավորինս արագ զատվեն Ռուսաստանից։ Որովհետեւ Ռուսաստանն է խառնակչությունների գլխավոր աղբյուրը։
Ինչ վերաբերում է միջազգային հարթակներում Հայաստանի քվեարկություններին այսօր, ապա Հայաստանն ի պաշտպանություն Ուկրաինայի հստակ չի քվեարկում, ուղղակի չի մասնակցում այդ քվեարկություններին կամ ձեռնպահ է մնում։ Սա արդեն վատ չէ։
Այս բանակցությունները սկզբում ընթանում էին Բելառուսի տարածքում, ինչն ինձ բոլորովին դուր չէր գալիս։ Այդ երկրի տարածքից հրթիռակոծվում է մեր երկիրը, իսկ մենք այնտեղ բանակցում ենք։ Լավ է, հետո Ստամբուլ տեղափոխվեցին։
Ռուսները անիրականալի պահանջներ էին առաջ քաշում․ առաջինը՝ Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք ճանաչել, այնուհետեւ ճանաչել Լուգանսկի ու Դոնցկի մարիոնետային հանրապետությունները, հրաժարվել եվրոպական ընթացքից, հրաժարվել Արեւմուտքից տրամադրվող բոլոր տեսակի աջակցություններից եւ այլն։ Բանակցություն կոչվածն իրականում Ուկրաինային ներկայացված կապիտուլյացիայի պահանջ էր։ Ուկրաինան մեկ բան էր ասում՝ թող Ռուսաստանը վերադառնա փետրվարի 24-ին եղած դիրքեր, դադարեցնի կրակը, եւ սկսենք նորմալ բանակցել, ինչին Ռուսաստանը չէր համաձայնում։ Նրանք առաջարկում էին բանակցել պատերազմին զուգահեռ։ Վստահ էին՝ կստիպեն, որ Ուկրաինան ընդունի իրենց վերջնագիրը։
Այսօր արդեն բոլորովին այլ վիճակ է։ Մեղմացել են նրանց պահանջները, նրանց խոսքի որակն է փոխվել։ Ակտիվ բանակցություններ, սակայն, որպես այդպիսին, կարելի է ասել, չեն էլ ընթանում։ Ուկրաինան արդեն վստահ է իր ուժերին, բոլորովին այլ դիրքերից է խոսում։ Մենք դուրս ենք քշելու նրանց մեր երկրի ողջ տարածքից։
Մինչեւ մեր աքսորն արդեն աքսորել էին Ղրիմում բնակվող գերմանացիներին։ Այնուհետեւ՝ շատ ավելի ուշ՝ 1944-ի մայիսին, աքսորեցին Ղրիմի թաթարներին, ապա՝ հայերին, հույներին, բուլղարներին։ Աքսորն ուղեկցվում էր աներեւակայելի դաժանություններով։ Մենք այն գենոցիդ ենք անվանում, որովհետեւ դեպորտացիայի ընթացքում կորցրել ենք մեր բնակչության մոտ 46 տոկոսը։ Այս առումով մեր ժողովուրդը եւ Ղրիմի հայերը բախտակիցներ են։ Բայց մի տարբերություն կա՝ միայն Ղրիմի թաթարներն են հայրենիք վերադառնալու համար կազմակերպված պայքար մղել։ Հայերը, հույները, բուլղարները Ղրիմ վերադառնալու ցանկություն գուցե եւ ունեցել են, բայց այդ նպատակով ո՛չ կազմակերպվել եւ ո՛չ էլ պայքարել են։ Չեն ծավալել այնպիսի շարժում, ինչպիսին Ստալինի մահից հետո ծավալեցին Ղրիմի թաթարները։
***
Մուստաֆա Ջեմիլեւը Ղրիմի թաթարների ազգային շարժման առաջնորդներից է։ Նա խորհրդային շրջանի ամենահայտնի այլախոհներից ու իրավապաշտպաններից մեկն էր։ Ծավալած իրավապաշտպանական գործունեության համար 7 անգամ դատապարտվել է։ Ընդհանուր հաշվով 15 տարի կալանավորված է եղել։
1991-2013 թվականներին ղրիմթաթարական ժողովրդի Մեջլիսի նախագահն էր։
1998-ից սկսած՝ նա Ուկրաինայի Ռադայի յոթ գումարումների պատգամավոր է։
Ղրիմի թաթարների ազգային շարժումը սկիզբ է առել Ստալինի մահից հետո՝ 1950-ականների կեսերին։ Նպատակը հայրենիք՝ Ղրիմի թերակղզի վերադառնալու իրավունք ստանալն էր։ Բանն այն է, որ 1944-ի մայիսի 18-ին Կրեմլի հրահանգով Ղրիմի թաթարներին բռնի տեղահանեցին եւ արտաքսեցին Միջին Ասիա։ Ղրիմ վերադառնալը նրանց արգելված էր։ Անգամ Ստալինի մահից հետո նրանք նման իրավունք չունեին։ Հայրենիք վերադառնալու պայքարը եղել է ծանր ու երկարատեւ։ Թաթարները դաժանագույն հետապնդումների են ենթարկվել։ Ակտիվ գործիչները դատապարտվել են, բայց, ի վերջո, նրանց պայքարը հաջողությամբ ավարտվեց։ 1980-ականների երկրորդ կեսից հայրենիք վերադառնալու իրավունքը նվաճել էին։
Մուստաֆա Ջեմիլեւը տիկնոջ՝ Սաֆինարի, Ելենա Բոների եւ Անդրեյ Սախարովի հետ։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։