Ազգամիջյան ատելության հողի վրա Գերմանիայում մահմեդականների դեմ կատարված հանցագործությունները նախորդ տարի աճել են: Աճել են նաեւ իսլամատյատցության դրսեւորումները:
Ըստ գերմանական Neue Osnabrücker Zeitung պարբերականի՝ Գերմանիայում նախորդ տարի կրոնական անհանդուրժողականության զոհ է դարձել 48 մահմեդական։ 2019-ին տուժածների թիվ 34 էր:
Արձանագրվել է մզկիթների դեմ հարձակման 77 դեպք, ընդ որում, ըստ պարբերականի ուսումնասիրության, նշված հանցագործությունների հիմնական հովանավորներն ու հրահրիչները նեոնացիստներն են:
Ամբողջ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է մահմեդականների դեմ կրոնական բնույթի 901 դեպք։
Ոստիկանությունը մահմեդականների դեմ անհանդուրժողական բնույթի հանցանքների վիճակագրությանը սկսել է հետեւել միայն 2017-ին, երբ արձանագրվել էր նման 950 միջադեպ:
Իսլամատյացության դրսեւորումները Գերմանիայում տարբեր են՝ սկսած համացանցում ատելության եւ անհանդուրժողականության կոչերից ու վիրավորանքներից, վերջացրած հիջաբ կրող կանանց վրա հարձակումներով եւ մահմեդական համայնքներին պատկանող շինությունների վրա նացիստական խորհրդանիշեր թողնելով։
Գերմանիայի Ձախ կուսակցության անդամ Ուլա Յելպկեի կարծիքով՝ վիճակագրությունը սոսկ «այսբերգի վերին մասն է», քանի որ տուժածներից շատերը ոստիկանություն չեն դիմում:
Նա գտնում է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է առավել խիստ օրենքներ ընդունի, որպեսզի մահմեդականների դեմ խտրական դրսեւորումների կանխարգելումը դատարկ խոստումներից վերածվի որոշակի գործողությունների: