Հայաստանի քաղաքականության արեւմտականացման գործընթացն առանձնապես բուռն հակազդեցության չի արժանանում Ռուսաստանում։ Մի քանի կծոց, մի քանի խայթ, առանց դրա դե չի լինի, հայ պոլիտոլոգի գործուղում բողոքի զբոսավայր, եւ ընդամենը։
Կարելի է կարծել՝ Ռուսաստանի գլուխը խառն է Ուկրաինայում, դրա համար։ Բայց ինչո՞ւ չմտածել, որ պատերազմից խառնված գլուխը լի է հեռահար նպատակներով ու հաշվարկներով։
Ռուսաստանը «խոնարհաբար» սպասում է, որ Արեւմուտքը (ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն՝ համապատասխանաբար Միշելի ու Բլինքենի դեմքերով) գա Հարավային Կովկաս, որտեղ նրանց հետագա գործունեությանը, կազմած ծրագրերի իրականացմանը welcome ասողը Հայաստանը կամ Ադրբեջանը չի լինելու։
Ռուսաստանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների լուծման արեւմտականացումը համարում է այլուր եւ այլ կերպ Արեւմուտքին հաշվի նստեցնելու բարեպատեհ առիթ։
Ակնհայտ է, որ Արեւմուտքն Ուկրաինայի հարցում ոչ մի քայլ չի նահանջելու։ Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանող այդ երկրին լքելու եւ անհուսության մատնելու տարբերակը մնացել է անցյալում։ Հիմա գնում է նյարդային ու լարված պայքար, որի հանգուցալուծումը լինելու է ոչ ի հաշիվ Ուկրաինայի, բայց պետք է նաեւ նկատել, որ թուլացած ու քայքայված Ռուսաստանը չի դառնալու խորհրդային հանրապետություններից շարքային մեկը։
Ատամի մեջ «միջուկային թույն» պահող երկիրը՝ անկախ նրանից ցարը Պուտինն է, թե անգամ Նավալնին, պետք է պահպանի որոշ ազդեցություն՝ գուցե չափի մեջ, առանց մեծ հավակնությունների, բայց պետք է մնա տարածաշրջանային գործոն։ Ուկրաինայի «հաղթանակը» չի պսակվելու ագրեսորի կապիտուլյացիայով եւ նրա միջուկային զինանոցի լուծարմամբ։
Ուրեմն՝ Ուկրաինային հանգիստ թողնելով, Ռուսաստանն Արեւմուտքին հանդիպելու է այստեղ՝ Սիսիանի դարպասների մոտերքում, եւ Ռուսաստանի ներկայությունն այս կողմերում, ոչ միայն Սիսիանի դարպասների մոտերքում, այլեւ համայն Հարավային Կովկասում, ընդունվելու է որպես անառարկելի փաստ։
Նման բան մի անգամ արդեն եղել է։
Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, երբ դեռ չզորացրված հայ զինվորներն Արաքսի ափերին կանգնած Կարսի նահանգը (ինչու ոչ՝ Արեւմտյան Հայաստանը) գրավելու հրամանի էին սպասում, Պոտսդամի կոնֆերանսում Արեւմուտքը (այն ժամանակ դեռ ԽՍՀՄ-ի դաշնակից) զսպում էր Ստալինի ախորժակն, ու, Արեւելյան Եվրոպան զիջելով, ստիպում հեռու մնալ Թուրքիայից եւ նեղուցներից։ Ինչը եւ եղավ. զորքերը զորանոց մտնելու հրաման ստացան, հայերիս երազանքը երազանք էլ մնաց։
1945-ին Ռուսաստանը դեռ միջուկային զենք չուներ կամ դեռ չէր հայտարարել դրա մասին, տնտեսական, ռազմական ներուժը հյուծված էր, եւ իսկը պահն էր նրան «գցելու»։ Բայց հավասարակշռության ապահովումը միջազգային քաղաքականության մեջ վեր է մարդկային եւ ազգային կրքերից, իսկ հիմա՝ միջուկային զենքի առկայության դեպքում, կլինի անխուսափելի։
Դատելով վերջին մի քանի տարում Թուրքիայի դրսեւորած քաղաքական վարքից՝ Ռուսաստանը (վիրավոր, ջղային Ռուսաստանը) պետք է մնա ու լինի Թուրքիայի դրկից հարեւանը։ Եվ գալով այստեղ՝ Արեւմուտքն ասելու է, որ ինքն ընդամենը հումանիտար աջակցությունից էր խոսում, ուրիշ ոչինչ։
Այս իրավիճակում մեր անելիքն ինքնիշխան ու ինքնակենտրոն լինելն է, ոչ թե հին տիրոջը հրաժեշտ չտված՝ նոր տերեր փնտրելը։ Չպետք է մոռանալ, որ նրանք մեր նոր հովանավորները լինելուց առաջ Ռուսաստանի հին ընկերներն են։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։