ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հայաստանում ԼՂ հակամարտությունից տուժած խոցելի խմբերին հրատապ աջակցելու ծրագրի մեկնարկի մասին փաստաթուղթ են ստորագրել։
Ծրագրով 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն անասնակեր, սարքավորումներ, հավանոցներ կառուցելու կամ վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցներ, պարարտանյութեր եւ բանջարեղենի սերմեր։
Ծրագրի շահառուները կընտրվեն հատուկ սահմանված չափորոշիչներով. ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես կանայք, երեխաներն ու տարեցները, ինչպես նաեւ տեղահանվածներին հյուրընկալող ընտանիքները:
Ծրագիրը կիրականացվի ՊԳԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցությամբ: