Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզ: Դեսպանը Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել 2020-ի նոյեմբերին՝ Երասխի բնակավայրի տարածքում մարտական առաջադրանք կատարելիս զոհված Մի 24 ուղղաթիռի անձնակազմին:
Կոպիրկինն այցելել է նաեւ ՀՀ սահմանի Տեղ եւ Պարույր Սեւակ սահմանային անցակետերը, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ: Դեսպանը ծանոթացել է նրանց ամենօրյա եւ մարտական պատրաստության առանձնահատկություններին, ինչպես նաեւ կենցաղային եւ ծառայության պայմաններին։
ՀՀ-ում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաեւ Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների դիրքեր։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այս հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։
Նախօրեին Սյունիքի մարզ էր այցելել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: