Եվրահանձնաժողովը մայիսի 25-ին առաջարկել է ԵՄ-ի սահմանափակիչ միջոցների խախտումը հավելել Եվրամիության հանցագործությունների ցանկում: Կազմակերպությունն առաջարկել է նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը Եվրամիությունում գնահատել որպես հանցագործություն:
Եվրահանձնաժողովը միաժամանակ առաջարկել է բռնագրավել այն ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվներն ու ունեցվածքը, որոնք խախտել են պատժամիջոցները:
ԵՄ գազային ընկերությունները հիմնականում զիջել են Մոսկվային
Ընդսմին՝ Washington Post պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի ոչ բարեկամական համարվող ԵՄ պետությունների գազային ընկերությունները հակառակ ավելի վաղ արած հայտարարություններին, հիմնականում զիջել են Մոսկվայի պահանջներին եւ էներգետիկ ճգնաժամից խուսափելով՝ համաձայնել են ռուսական բնական գազի համար վճարել նոր համակարգով եւ ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով:
Միեւնույն ժամանակ, ըստ պարբերականի՝ կարճաժամկետ հեռանկարում ԵՄ գազային ընկերությունները պատրաստ են զգալի ջանքեր գործադրելու էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար։
Washington Post-ի գնահատմամբ՝ դա ռուբլու ամրապնդման գործոններից մեկն է։
Դեռ ապրիլի վերջին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիության էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարել Մոսկվայի պահանջին, կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։