Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպությունն անցած շաբաթ հրապարակած նոր հաշվետվությունում անդրադառնում է հակառակորդներին աշխարհով մեկ հետապնդելու՝ ավտորիտար պետությունների ահագնացող գործելաոճին: Այդ երեւույթը Freedom House-ն անվանել է «տրանսնացիոնալ ռեպրեսիա»:
«Աշխարհի տասնյակ կառավարություններ, դուրս գալով ազգային սահմաններից, ընդդիմադիր տրամադրությունները լռեցնելու մղումով պարբերաբար բռնություն են կիրառում վտարանդիների եւ արտասահմանյան համայնքների դեմ:
Կազմակերպության տվյալներով, 2014-ից ի վեր արձանագրվել է վտարանդի հակառակորդների հետապնդման 608 դեպք: Նրանց թվում են ավելի քան 30 պետության քաղաքացիներ, որոնք ապաստան են գտել աշխարհի 79 երկրներում:
Հետապնդվել են իրավապաշտպանները, լրագրողները, հասարակական, քաղաքացիական կազմակերպությունների առաջնորդները, քաղաքական ակտիվիստներն ու նրանց ազգականները: Իրավապաշտպանները նշում են, որ ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ 3,5 միլիոն մարդ է հայտնվել հետապնդվողների «ռիսկի խմբում»:
Freedom House–ը թվարկում է այլախոհների հետապնդման եղանակների լայն սպեկտր. ճնշում սոցցանցերի միջոցով, լրտեսական ծրագրային ապահովման կիրառում, երրորդ անձանց միջոցով վախի ներշնչում, տեղաշարժման ազատության սահմանափակում, առեւանգում եւ սպանություն:
Զեկույցի համաձայն, արտերկրում ընդդիմախոսների հետապնդման պրակտիկան վերջին տարիներին սովորական երեւույթ է դարձել: Որոշ դեպքերում այլախոհներին ապաստանած երկրների իշխանություններն օժանդակում են նրանց հայրենիք վերադարձնելուն:
Ռուսաստան
Հաշվետվության համաձայն՝ վերջին տարիներին «առանձնապես ագրեսիվ» է եղել Ռուսաստանը։ 2014-2020 թվականներին աշխարհի տարբեր հատվածներում ռուսաստանյան իշխանությունները միջամտել են այլախոհների 26 սպանություններից կամ նրանց դեմ մահափորձերից 7-ին: Դրանց թվում են նաեւ Մեծ Բրիտանիայում 2018-ին Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիայի թունավորման փորձը, 2006-ին հետախուզության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը:
Իրան
Իրանը մեղավոր է ճանաչվել հինգ տարբեր երկրներում ռեժիմի հակառակորդների սպանության կամ նրանց դեմ մահափորձերի հինգ դեպքի համար: Զեկույցում հիշատակված է 2017-2018 թվականների հակակառավարական բողոքի ցույցերը համակարգած տելեգրամ ալիքի խմբագիր, հայտնի լրագրող Ռուհոլլա Զամի առեւանգման եւ ավելի ուշ մահապատժի ենթարկելու դեպքը: Նախորդ տարվա հոկտեմբերին Զամին խորամանկությամբ դուրս են հանել Ֆրանսիայից եւ կանչել Իրաք, որտեղից առեւանգել ու տեղափոխել են Իրան եւ կախաղան հանել:
Թուրքիա
Անկարան չորս տարվա մեջ ավելի քան 800 հարցում է արել 105 երկրից [իր քաղաքացիներին] էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ: Զեկույցում Թուրքիան հիշատակվում է նաեւ իբրեւ երկիր, որն արտերկրում այլախոհներին հետապնդելու ամենալայնածավալ արշավներից մեկն է իրականացնում։ Իրավապաշտպանները նշում են ռեժիմի հակառակորդներին 17 երկրից էքստրադիցիայի ենթարկելու 58 դեպք:
Անկարան հիմնականում հետապնդում է ԱՄՆ-ում բնակվող կրոնական քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի շաժման անդամներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ հետապնդումներն ուժգնացրել է 2016-ի ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո, եւ այդ ժամանակվանից ի վեր հետապնդումների են ենթարկվում նաեւ նրանց ձախ խմբավորումներին պատկանողները, ինչպես նաեւ քրդական շարժման անդամները:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը