Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ԱՄՆ-ի Կանավերլ հրվարդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը:
Փաշինյանը հավելել է, որ սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության եւ իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի մասին մանրամասներ է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը:
Ըստ նրա՝ 2022-ի մայիսի 25-ին՝ Երեւանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը: Այն Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաեւ հայկական՝ երկրագնդի դիտարկման արբանյակը: Արշակյանը հավելել է, որ սրանով նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացի համար:
Ըստ Փաշինյանի՝ մինչև 2023-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձեւավորվի մասնագետների գիտագործնական թիմ: