Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը հայտարարել է, որ անթույլատրելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությունը, թե հաստատված 39 հայ գերի է պահվում Ադրբեջանում։
Սահակյան ընդգծել է, որ վարչապետը ոչ թե պաշտոնական Բաքվի, այլ Հայաստանի իրավապահների, Մարդու իրավունքների պաշտպանի, այլ իրավապաշտպանների տվյալները պետք է վկայակոչի, որոնք օբյեկտիվորեն հիմնավորում են գերեվարման ավելի մեծ թվաքանակ։
«Առնվազն մեր կազմակերպության ձեռքի տակ եղած փաստերը եւ ապացույցները վկայում են, որ 39 գերիներից բացի 80 անձ գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, եւ նրանք այս պահին գտնվում են բռնի անհետացածների կարգավիճակում, քանի որ պետությունը միտումնավոր թաքցնում է նրանց ճակատագիրը, եղելությունը եւ չի տրամադրում արժանահավատ տեղեկություններ ընտանիքի անդամներին, եւ սա հավելյալ մեծացնում է նաեւ տառապանքը»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Սահակյանը։
Իրավապաշտպանը շեշտել է, որ անտեսվում են իրական թվերը, եւ Երեւանը պաշտոնապես ընդունում է, որ այլ գերիների հաստատման ու վերադարձի ակնկալիք այլեւս չունի։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հրապարակած թվերի հետ հաշվի նստելը միջազգայնորեն էլ համարվում է որպես Հայաստանի կողմից ընդունում։
«Միջազգային ճնշումն այլեւս չի կարող ուղղվել գերեվարվածների նոր դեպքերի հաստատմանը եւ պաշտոնականացմանը, առավելապես միջազգային հանրությունը հետաքրքրված կլինի 39 անձի հայրենադարձումն ապահովելուն»,- ասել է Սահակյանը։