Ըստ ՀՀ ԱԺ լրատվության եւ հաղորդակցության հետ կապերի վարչության՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին:
Դեսպան Զոհուրին հայտնել է, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը եւ վերահաստատում ԱԳ նախարար Զարիֆի՝ ռազմագերիների վերադարձի խնդրի շուտափույթ լուծման մասին նախկինում հնչեցրած տեսակետը:
Արարատ Միրզոյանն ասել է, որ Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունը հօգուտ ադրբեջանական կողմի՝ թե՛ ռազմական գործողությունների, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերն առավել աշխուժացնելու, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման եւ հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական գործունեության ծավալման վերաբերյալ մի շարք հարցեր: