ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։
Միրզոյանն ու Կասպրշիկը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանում տնտեսական կապերին եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանն առնչվող հարցեր:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը օրերս հանդիպել է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները եւ տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցեր: Կարեւորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը: