Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարկ Լեբիի թեկնածությունը։ Բաքվում Վաշինգտոնի դեսպան Լի Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա հուլիսին:
Վաշինգտոնում Ազգային ռազմական վարժարանի պետքարտուղարության ֆակուլտետի խորհրդական Լեբին նախկինում Բրյուսելում Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական եւ գործերի ժամանակավոր հավատարմատար էր։ Նա խորհրդական է եղել նաեւ Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի եւ Բաղդադի ամերիկյան դեսպանություններում:
Լեբին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում, մասնավորապես աշխատել է Կենտրոնական եւ Հարավային Եվրոպայի հարցերով վարչություններում:
Ադրբեջանում 1994-1997 թվականներին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ադրբեջանական «Թուրան» գործակալությանն ասել է, որ Լեբին բավական փորձառու դիվանագետ է, եւ նրա առաջադրումը վկայում է, որ Վաշինգտոնը մեծ ուշադրություն է դարձնում Ադրբեջանին եւ ուզում է «փորձառու ձեռք» ունենալ այնտեղ: