Վերջին մի քանի օրերին Հայաստանում խոսքի ազատության ոլորտին առնչվող երեք մտահոգիչ իրադարձություն եղավ։
Առաջինը մայիսի 20-ին «Մարիոթ» հյուրանոցում «ժողովրդավարության հայկական ֆորումին» (հայերեն ձեւակերպումը կամ ձեւակերպման հայերեն թարգմանությունն ինքնին ծիծաղելի է, բայց դա թողնենք կազմակերպիչների «գրագիտությանը») լրագրողների մուտքի արգելքն էր։
Թե առանց լրատվամիջոցների (ճշտենք՝ «մեծ ժողովրդավար» Փաշինյանի համար անցանկալի լրատվամիջոցների) ներկայության ինչ ժողովրդավարության մասին է խոսվել, էդ էլ իմացել ենք պաշտոնական հաղորդագրություններից. իրենք իրենց ժողովրդավարության հայրեր հռչակած փաշինյանանամերձ ներկայացուցիչները ծափ ու ծիծաղով ուրախացել են, առաջընթաց արձանագրել…
Այո՜, դեռ Ադրբեջան չենք, բայց արդեն համարյա Բելառուս ենք, որի նախագահ Լուկաշենկոն շատ տարիներ առաջ օտարերկրյա պատվիրակությունների ներկայությամբ հայտարարում էր «Ո՞վ է ասում, թե մեր երկրում մամուլը ազատ չէ։ Թող դահլիճում ներկա լրագրողներից մեկը պնդի, թե մենք իրենց ճնշում ենք…»։ Դուք է՞լ ծիծաղեցիք։
Երկրորդ իրադարձությունը. «խիստ կայացած ժողովրդավարական» այս երկրում (արդեն Հայաստանի մասին եմ ասում, Բելառուսը մոռացեք) խիստ ժողովրդավարական ֆորումից ընդամենը մի քանի օր անց խիստ ժողովրդավար ԱԺ-ն օրինագիծ ընդունեց, որով (ուշադրությո՛ւն) պետական մարմիններին հնարավորություն է տրվում հավատարմագրումից զրկելու լրագրողին։
Պարզ է, չէ՞, որ ոչ մի իշխանամերձ լրատվամիջոցի լրագրող երբեք չի ընկնելու այս օրենքի «դռբի տակ»։
Իրականում, ինչ գեղեցիկ ստով էլ պարուրեն իրենց նախաձեռնությունը օրինագծի հեղինակները, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի այս լրացումը ԱԺ պատգամավորների եւ հատկապես մտքի գիգանտ ՔՊ-ականների անդորրն անդուր հարցերով խախտող լրագրողների մուտքը ԱԺ արգելելու համար է։ Չմոռանամ ասել, որ այս օրինագիծը միանգամայն բնական ու տրամաբանական շարունակությունն է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված օրինագծի , որի բացը միայն հիմա են նկատել։ Իսկ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետեւ դիլետանտների հեղինակած նման ցանկացած օրինագիծ այդրոպեական խնդիրներ է լուծում։
Հիշյալ՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ի օրինագիծն անհրաժեշտ էր արագ ընդունել՝ օրվա հիմնական խնդիրը՝ Փաշինյանին ու նրա մերձավորներին (ձեռքս չգնաց գրեմ քաղաքական գործիչներին) քննադատությունից զերծ պահելու համար։ Իսկ հավատարմագրմանը վերաբերող հոդվածի ներկա լրացումը իրենց բացթողման իբր շտկումն է։
Դիլետանտները մինչեւ հիմա չեն հասկացել, որ օրենսդրությունը միասնական տրամաբանությամբ կառուցված համակարգ է։ Եվ եթե մի տեղ փոփոխություն ես նախատեսում, պիտի տեսնես՝ հո համակարգում հակասություններ չեն առաջանում։ Բայց նրանց համար այդպիսի խնդիր չկա։ Կարեւորը արագ ընդունեն այն, ինչը «պախանին» դուր կգա, իսկ հետո կերեւա։ Ու այդպես, դեկտեմբերին չէին նկատել հակասությունը, որը հիմա ուղղում են։
Ես կարող եմ ասել, թե այս նոր, արդեն ընդունված օրինագծում ինչ հակասություն կա այլ հոդվածների հետ։ Բայց ինչո՞ւ ասեմ։ Երբ խոփը քարին դեմ կառնի, եւ կտեսնեն, որ անգամ էսքան չարչարվելուց հետո չեն կարողանում անցանկալի լրագրողին զրկել հավատարմագրումից, իրենք կնկատեն դա, հետո էլի մի երկու տողանոց փոփոխություն կբերեն… Եվ այսպես շարունակ։ ՔՊ-ական «մտքի գիգանտները» սովորելու ընդունակ չեն։ Իրենք կարծում են, թե ամենագետ են։
Երրորդը՝ Հանրային հեռուստատեսությամբ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը չհեռարձակելն էր։ Մենք երբեք չենք իմանա, թե ում հրահանգով է այն հանվել եթերից։ Որովհետեւ Ռուբինյանը, որպես իսկական փաշինյանական Մատրոսով, որոշել է հարվածն իր վրա վերցնել՝ հայտարարելով, թե «…Հ1-ից ինձ խնդրեցին, որ ուրիշ օր եթեր գնա, որովհետեւ եթերացանկի հետ կապված փոփոխություն էր եղել։ Ես էլ չառարկեցի, իսկ հետո հարցազրույցն արդեն կորցրել էր ակտուալությունը»։
Ֆորմալ առումով, Ռուբինյանի կամ հարցազրույցը վարողի պահանջով հեռարձակումը կարող էր չեղարկվել, որովհետեւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն:
2. Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ»:
Այսուհանդերձ, հարցական է մնում, թե ով է հարցազրույցի կողմերից մեկին «խնդրել» չեղարկել հարցազրույցի հեռարձակումը։ Ակտուալությունը կորցնելու պատճառաբանությունը բոլորովին էլ համոզիչ չէ։
Ահա այսպիսի շաբաթ՝ ժողովրդավարություն պոռացող, բայց լրատվամիջոցներին լռեցնելու ուղղությամբ գնացող իշխանության «թամադայությամբ»։
Եվ այսքանից հետո չպետք է զարմանալ, որ Փաշինյանը ԼՂ խնդրի բանակցությունների մասին ինչ ուզենա կասի, ու դահլիճում առարկող չի լինի։ Բայց սա ուրիշ թեմա է, եւ իմը չէ, այլ՝ խնդրի մեջ խորացածներինը։
Իմը հետեւյալ հարցն է միայն. եթե լրատվամիջոցների դեմ գրոհները շարունակվեն, եւ հասարակությունը տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ չունենա, քանի՞սն է հավատալու փաշինյանական բացատրություններին եւ «բացահայտումներին»։ Բացի, իհարկե, իր խմբակցության պատգամավորներից (որոնք էլ ոչ թե հավատում, այլ ձեւ են անում, թե հավատում են, որ պարգեւավճարներն ու արտասահմանյան գործուղումները չպակասեն) եւ մի քանի «բուռն» նիկոլապաշտներից։
Գալիս են «ՏԱՍՍ-ը (կամ Արմենպրեսը) լիազորված է հայտարարելու…» ժամանակնե՞րը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։