Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց ՀՀ առաջին տիեզերական արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվելը: Նա նաեւ մեկնաբանեց կատարվածի նշանակությունը. «Սրանով Հայաստանի Հանրապետությունը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան… Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը»:
Իսկապես գեղեցիկ է հնչում տիեզերական գործունեության դարաշրջան թեւակոխելու, այնուհետեւ տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացման մասին հայտարարությունները, նույնիսկ՝ շատ հուսադրող: Գիտեք՝ մենք համաշախարհային ազգ ենք, բացառիկ առաքելությամբ օժտված, հետեւաբար կոչված ենք նվաճելու նաեւ տիեզերքը:
Բայց այս թեման ամենեւին նոր չէ: Նախկինում էլ Հայաստանը տիեզերական գործունեության ոլորտում փորձեր արել է, անգամ պետությունը համապատասխան ընկերություններ է ստեղծել: Իսկ գիտե՞ք՝ դրան ինչպես էր արձագանքել այն ժամանակվա իշխանություններին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Իհարկե՝ քննադատելով ու ծաղրելով:
2012-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը հիմնադրել էր «Արմկոսմոս» ՓԲԸ-ն։ Պետական բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ դա ներկայացվել էր որպես ձեռքբերում: Եվ սա չէր վրիպել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի աչքից։ ԱԺ ամբիոնից նա պարզապես սկսել էր ծաղրել իշխանություններին՝ ասելով, թե Տիգրան Սարգսյանն ու իր կառավարությունը շարունակում են «հայ ժողովրդին «նյուվասյուկիական» ծրագրեր ներկայացնել»:
«Սեփական արբանյակի թողարկման եւ այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012 թվականին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» ՓԲԸ»-ն։ Ինչպես արդեն հասցրիք կռահել, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում, եւ սրանում որեւէ չափազանցություն չկա… Եթե հաշվի առնենք, որ սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռեւս 2011 թվականին էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար… Դեռ պետք է շնորհակալություն հայտնել, որ բյուջեի կատարողականում չեն գրել, որ միանգամից տիեզերանավերի սերիական արտադրություն են սկսելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Թե ինչպես այն ժամանակվա ընդդիմադիրը կարձագանքեր այսօրվա կառավարության գործունեությանը, դժվար չէ կռահել: Հաստատ՝ ոչ պակաս կծու խոսքով եւ սուր քննադատությամբ: Իսկ երբ պարզվեր, որ մասնագետները կասկածի տակ են դնում արբանյակի՝ Հայաստանին պատկանելն ու վերագրում այն Իլոն Մասկին, Փաշինյան ընդդիմադիրը կհայտնվեր, բոլորիս հայտնի, իր տարերքում։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: