Ստեփանակերտում նոր «թրենդ» է ներդրվել․ «Չմիանալով Ազգային ժողովի չորս խմբակցությունների հայտարարությանը՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը հետապնդում է Արցախի հարցում միասնական դիրքորոշումը խարխլելու նպատակ»։
Սոցիալական ցանցերում հայտնվում են «պահանջատիրական» գրառումներ։ Դրանց հեղինակները «Միասնական հայրենիք» խմբակցությանը «մարտագորգ» են հրավիրում՝ հիշեցնելով, որ պատգամավորները խորհրդարանում են հայտնվել իրենց աջակցությամբ։
Իրականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ» հայտարարություն է տարածել, որտեղ, ինչպես կարելի է նկատել, առանցքայինը հետեւյալ ձեւակերպումն է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն այլեւս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, նույն հայտարարությամբ այն ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը՝ հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայելով խաղաղապահ զորակազմ։ Ուստի ռուսական ազդեցության գոտի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհնար է եւ անպտուղ»։
«Եվրոպական խորհրդի դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար»,- սա էլ, ըստ երեւույթին, Ազգային ժողովի չորս խմբակցությունների հայտարարության «մեխն» է։
Ինչպես հասկացվում է, «Միասնական հայրենիքը» գործնականում «անհնար» եւ «անպտուղ» է գնահատում առանց Ռուսաստանի մասնակցության Հարավային Կովկասում կայունության հաստատումը, հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորումը, իսկ Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունների գնահատմամբ՝ Եվրամիության այդ ուղղությամբ դերակատարությունը «կարելի էր հասկանալ», եթե ԵՄ-ն հետեւողական գտնվեր եւ արձագանքեր Արցախի ժողովրդի դեմ «Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային», այդ դեպքում «անվտանգության եւ իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար»։
Այստեղ եւ չորս խմբակցությունների հայտարարության մեջ առհասարակ որեւէ հղում չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, զինադադարի հաստատման եւ առայսօր հարաբերական կայունության ապահովման գործում Ռուսաստանի դերակատարությանը եւ ԼՂ կարգավորման գործընթացին Մոսկվայի ներգրավվածությանը։
«Քնարական զեղումը», որ եթե պատերազմի օրերին Եվրամիությունը մտահոգություն հայտնած լիներ, ապա հետկոնֆլիկտային իրավիճակում նրա մասնակցությունը «կարելի էր հասկանալ», ամենեւին էլ քաղաքական դիրքորոշում չէ։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, մինչդեռ, հիմք ընդունելով հետպատերազմյան ստատուս-քվոն, ներկայացրել է տեսակետ՝ Հարավային Կովկասում կայունություն, հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատում եւ ԼՂ կարգավորում անհնար է առանց Ռուսաստանի, հակառակ ուղեգիծն «անպտուղ է»։
Ինչպես քաղաքական ցանկացած կեցվածք, սա էլ կարող է մեկի համար ընդունելի, մյուսի համար մերժելի լինել, վիճարկելի, առարկելի, քննարկելի, բայց որեւէ կուսակցության չի կարելի մեղադրել, թե ինչու իր մասնավոր-առանձնակի տեսակետն ունի։ Դա նոնսենս է։ Մանավանդ որ Արցախում Նիկոլ Փաշինյանին մեղադրում են «ռուսական ուղեգծից շեղվելու» համար, եւ հենց այդ հիմնական կտրվածքով էլ որակավորվում են բրյուսելյան եռակողմ հանդիպումն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որը նույնականացվում է Արցախի հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը։
«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունն այս իմաստով առնվազն կասկածի տակ է դնում եվրոպական հարթակներում ԼՂ օպտիմալ կարգավորման հավանականությունը եւ միանշանակորեն ուղենշում, որ դա հնարավոր է կա՛մ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, կա՛մ արդեն իսկ նախադեպային՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի բանակցություններում։ Այս դիրքորոշման համա՞ր է քննադատվում Սամվել Բաբայանը։
Տպավորություն է, որ եթե «Միասնական հայրենիքը» բավարարվեր չորս խմբակցությունների հայտարարությանը չմիանալով, սեփական ընկալումները եւ հեռանկարի պատկերացումները չհրապարակեր, ապա ո՛չ Սամվել Բաբայանը, ո՛չ նրա կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը «ներարցախյան միասնությունը խարխլելու» մեղադրանքի չէին արժանանա։ Կարելի է այնպես հասկանալ, որ Սամվել Բաբայանին «կշտամբում են», թե ինչու իրենց մասնակից չի դարձրել հենց այդ տեքստի հրապարակմանը, իրենց եւս չի օժտել «հեղինակային իրավունքով»։
Հասկանալի մտահոգություն է․ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբն է կանգնած, Բրյուսելից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Մոսկվայում «հույս ունեն, որ Բրյուսելը կօգնի՝ իրականացնելու» հայ-ռուս-ադրբեջանական համաձայնությունները, սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում։
«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունից մյուս քաղաքական ուժերի անհանգստությունը խորքային է։ Սպասվում է սահմանադրական բարեփոխում, կհաջորդեն Ազգային ժողովի ընտրություններ։ Ոչ ոք չի ուզում «լուսանցքվել»։ Բայց դրա համար պետք է ոչ թե մրցակից ուժին պիտակավորել, այլ ձգտել նրանից ավելի խոր ընկալելու տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները։
«Միասնական հայրենիքի» հայտարարությունը «համադարման» չէ։ Ընդամենը հստակ ձեւակերպված դիրքորոշում է, որ վաղը կարող է աշխատել կամ ոչ։ Բայց դա արդեն նրա խնդիրն է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։