ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ռուս-վրացական սահմանի անցակետերի, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ: Ներկա պահին Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա, որոնց փաստաթղթերի ձեւակերպման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը:
Նախարարությունից նշել են, որ արդեն այս տարվա հուլիսին կներդրվի լրացուցիչ 12 գոտի, մինչեւ տարեվերջ եւս 12-ը: Այսպիսով՝ Վերին Լարսի անցակետի գոտիների ընդհանուր քանակը կհասնի 39-ի: Ներկայում անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ:
Ավելի վաղ այդ անցակետում ամենապիկ ժամանակահատվածներում անցել է մինչեւ 1500 մեքենա: Ընթացիկ տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին քանակը կազմում էր օրական մինչեւ 900 մեքենա:
Ներկայում ձեռնարկված միջոցների շնորհիվ կետի թողունակությունը ավելացել է մինչեւ 2300 ավտոմեքենա, որոնցից 1000-1100-ը՝ բեռնատար: