Ըստ Press TV հեռուստաալիքի՝ Իրանի արդյունաբերության, հանքավայրերի եւ առեւտրի նախարար Ռըզա Ֆաթեմի Ամինին հայտնել է, որ Իրանը եւ Ռուսաստանը ապրանքափոխանակային առեւտուր են ձեռնարկել, ինչի շնորհիվ Թեհրանը ռուսական մետալուրգիական արտադրանքի, մասնավորապես պողպատի դիմաց ավտոպահեստամասեր եւ գազատուրբիններ կմատակարարի Մոսկվային: Իրանական մի քանի ընկերություններ արդեն ստորագրել են Ռուսաստանի Էլեկտրակայանների համար գազատուրբինների մատակարարման եւ վերանորոգման պարտավորագրերը:
Առեւտրատնտեսական համագործակցության հարցերի մշտական երկկողմ հանձնաժողովի հանդիպման շրջանակում նախարարը հայտարարել է, որ երկու պետությունները համաձայնել են ապրանքափոխանակային առեւտուր իրականացնել ապրանքների առանձին կատեգորիաների՝ ներառյալ ռուսաստանյան պողպատի համար:
Ըստ նրա՝ Իրանը կարիք ունի հումք ներմուծելու մետալուրգիական եւ հանքարդյունահանող հատվածների համար: Ֆաթեմի Ամինն ընդգծել է, որ Թեհրանը նաեւ ցինկի, արճիճի, ալյումինի կարիք ունի ներքին պահանջարկի բավարարման համար: