Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Փաշինյանի հետ քննարկվել են ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Զրուցակիցները խոսել են նաեւ տնտեսության, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի մասին` պատրաստակամություն հայտնելով ընդլայնել գործարար կապերը, առեւտրաշրջանառության ծավալները:
Ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հանգամանալից քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ, փոխշահավետ հարաբերությունները եւ ամրապնդելու հեռանկարներն ու գործնական քայլերը:
Վահագն Խաչատուրյանը իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:
Հատուկ ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը եւ այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում Արցախում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։
Կայունության ակնկալիք տարածաշրջանից
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է, որ հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները, ինչի հետեւանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար։
Ջուկանովիչը շեշտել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլեւ միջազգային գործընկերների շրջանակում:
Չեռնոգորիայի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն եւ որակյալ կայունություն են ակնկալում: Նա շեշտել է, որ յուրաքանչյուր երկրի, հատկապես Հայաստանի եւ Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների համար այս բարդ ժամանակներում կարեւորն ինքնությունն ու դիմագիծը պահելն է։