Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին՝ շեշտելով այդ գործընթացում միջազգային օրենքները հարգելու անհրաժեշտությունը:
Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի հանդիպումները արդյունավետ են:
«Շատ կարեւորն է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքները, բանակցությունները լինեն կառուցողական: Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, եւ դա կարող է լինել այս մի քանի երկրների արդյունավետ բանակցությունների ներքո»,- նշել է դեսպանը։
Զոհուրին հավելել է, որ, հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները, կարելի է այս ճանապարհները բացել եւ կապը ստեղծել:
Սյունիքում հյուպատասություն բացելու կարեւորությունը
Հայաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն բացելու աշխատանքները սկսվել են, բայց Իրանը դեռ համապատասխան տարածքը ձեռք չի բերել: Նա ընդգծել է, որ հուպատոսություն ունենալու մասին իրանական եւ հայկական կողմերի միջեւ պետական մակարդակով համաձայնություն կա: Դա ապացուցում է այս մարզի կարեւորությունը Իրանի եւ Հայաստանի համար։
Զոհուրին ընդգծել է, որ հյուպատոսության բացումը շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի սահմանակից մարզերի եւ Իրանի սահմանակից նահանգների` Թավրիզի, Արեւմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առեւտրաշրջանառությունը կարող է նոր թափ եւ նոր իմաստ ստանալ:
Դեսպանը նշել է, որ տարբեր ուղղություններով համագործակցություններ կլինեն սահմանակից նահանգների եւ մարզերի միջեւ` գիտական, համալսարանական, տնտեսական եւ այլ ոլորտներում, նաեւ՝ զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր կան:
Իրանի կառավարությունը 2021-ի դեկտեմբերի 29-ին հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտգործնախարարության առաջարկին: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանն էլ փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի: