ՀՀ Կառավարության 2022-ի մայիսի 26-ի N 731-Ն որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ արգելոցի ստեղծումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4․9 կետի «Մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերությունից։
Աղձքում է 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են հեթանոս եւ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված եւ վերադարձված մասունքները:
Դամբարանը կառուցվել է հավանաբար 364 թվականին: Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձեւ (5 աստիճանից բաղկացած), արեւելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը եւ եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։