Հայ ընթերցողի սեղանին են դրվել հունարեն ու եբրայերեն բնագրերից արդի արեւելահայերենի թարգմանված Նոր Կտակարանն ու Սաղմոսաց գիրքը:
Թարգմանությունից մինչեւ տպագրություն հասցնելու համար տարբեր մայրցամաքների մասնագետներից վեց տարի է պահանջվել: Աշխատանքներն իրակականացվել են ըստ «Աստվածաշնչային ընկերությունների համաժողովի» թարգմանական բաժնի 1999 թվականին ընդունած Աստվածաշնչի թարգմանության հիմնարար սկզբունքների եւ ընթացակարգի:
Ընթերցողի համար լիարժեք ընկալելի Սուրբ գիրք ունենալու նախաձեռնությունը ««Հավատք եւ Կյանք» Բարեկարգյալ Առաքելություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Մինասյանինն է: Առաջարկը ողջունել եւ համագործակցության ձեռք է մեկնել ԱՄՆ-ում, Կանադայում ու եվրոպական մի շարք երկրներում գործող «Բարեկարգյալ Առաքելություն» ՀԿ-ի վարչությունը:
Մասնագետները վստահեցնում են, որ թարգմանությունն արվել է առանց բնագրի իմաստային կորստի, փոփոխության ու ավելորդ պաճուճանքի: Որպեսզի թարգմանությունն առավել բնական լինի, մինչ բուն գործին անցնելը եբրայերենի մասնագետ, միջազգային խորհրդատու, բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Թովմասյանը երկար ուսումնառություն է անցել Իսրայելում:
Աշխատանքային թիմը համալրված է եղել ոլորտի լավագույն մասնագետներով: «Օգտվել ենք արտերկրի մասնագետների խորհրդատվությունից: Թարգմանիչները համատեղ աշխատել են գրական խորհրդատու հայագետի հետ, ապահովել բառընտրության համապատասխանությունը, քննարկել այլընտրանքային տարբերակները»:
Արդյունքներից ոգեւորված՝ խմբագրակազմը նախաձեռնել է Հին Կտակարանի նոր թարգմանությունը, որը լույս կտեսնի մոտ ապագայում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։