Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, թե կապիկի ծաղիկի դեպքում առաջնահերթությունը հիվանդության տարածման զսպումն է, ինչը հնարավոր է ապահովել արագ եւ համակարգված գործողություններով:
ԱՀԿ-ի ռիսկային արձագանքման բաժնի տնօրեն Սիլվի Բրիանը նշել է, որ հանրությունը չպետք է խուճապի մատնվի․ սա կորոնավիրուս կամ արագ տարածվող մյուս վարակներից չէ, եւ կարեւորը ճիշտ ժամանակին անհրաժեշտ բուժում իրականացնելն է։
Կապիկի ծաղիկը համարվում է ոչ ծանր վարակ: Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ շրջանառվում է կապիկի ծաղիկի Արեւմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթեւ է ընթանում:
Հիմնականում աֆրիկյան երկրներում տարածված այս վարակի արդեն մոտ 200 դեպք է գրանցվել Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում:
Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։
ԱՀԿ-ի թարմացված տվյալներով` այսօրվա դրությամբ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, եւս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։
ԱՀԿ-ն նշել է, այսօր չկա այդ հիվանդության դեմ զանգվածային պատվաստում իրականացնելու անհրաժեշտություն: