Յոթանասնամյա Սուրիկ Միքայելյանը 17 տարի անց կրկին Բարձրունու իր տան պատի տակ է նստած: Տունը, որտեղ անցել է նրա երիտասարդությունը, եղել է հարսանիքը, նշել է հինգ որդիների ծնունդը, խոնավացել, քանդվում է:
Միքայելյանների ընտանիքն Արցախից Վայոց ձորի սահմանամերձ Բարձրունի գյուղ է վերադարձել 2020-ի նոյեմբերի 15-ի գիշերը: Քաշաթաղում վերաբնակեցվել էին 2003-ից:
Սուրիկ պապն ասում է՝ հեշտ օրեր չեն ունեցել, բայց թեւ-թիկունք են եղել իրար: Այս տարիների ընթացքում Արցախում հինգ որդիների համար քարը քարին է դրել, տուն կառուցել, ամուսնացրել, թոռներ ունեցել: Նոր-նոր պիտի սկսեին վայելել տարիների ստեղծածը, բայց պատերազմն ամեն ինչ տակնուվրա արեց:
«Դատարկ գրպանով, միայն հագուստով գիշերով եկել ենք: Ամբողջ եղածը, գույքը, տները թողնելով՝ հասել ենք էստեղ»,-պատմում է Սուրիկ պապը:
Սա, սակայն, ամենադժվարը չէ: Արցախում են թողել երկու որդիների կյանքը: 37-ամյա Սեյրանն ու 27-ամյա Սամվելը զոհվել են պատերազմի ընթացքում: Հայրն ու մյուս եղբայրները մի քանի ամիս հետո են միայն կարողացել գտնել զոհված տղաների մասունքները՝ ԴՆԹ անալիզով: Չկոտրվելու ծիծաղելի հորդորս Սուրիկ պապը համբերատար հոգոցով է ընդունում. «Էլ ո՞ւր կոտրվենք, կոտրվել-պրծել ենք: Դու ասա՝ դրանք նորից գլուխ չբարձրացնեն: Որ ժողովուրդն ամեն օր խառնվի իրար, թուրքն էլ առիթ կգտնի, նոր հարձակում կգործի: Թուրքն էդ բնավորությունն ունի, ես նրանց լավ գիտեմ»:
Հիմա Միքայելյանների բազմանդամ ընտանիքն էլ տան պատերի պես ճաքեր է տվել, մաս-մաս եղել: Ամուսնուն կորցրած հարսներից մեկը երեք երեխաների հետ Ջերմուկում է վարձով բնակվում, մյուսը երեխայի հետ Զառիթափում է, մի որդին ընտանիքի հետ Արտաշատում է, մյուսը՝ Եղեգնաձորում: «Ես հինգ տնտեսություն էս երկու պատի մեջ ո՞նց տեղավորեմ»,-սրտնեղում է ընտանիքի հայրը:
Բարձրունու կիսաքանդ տանն էլ Սուրիկ պապն ու ընտանիքի մնացած անդամներն են: Փոքր որդու կինը՝ Սոֆի Միքայելյանը, Արցախից է: Լաչինում է ծանոթացել ամուսնու հետ: Սոֆին էլ եղբորն է կորցրել պատերազմում, ընտանիքը Լաչինից տեղափոխվել է Աբովյան:
Չորս ամիս առաջ ծնվել է կրտսեր Միքայելյանի որդին: Փոքրիկը հույսով է լցրել ընտանիքը: Միայն թե տան պայմաններն ու խոնավությունը շատ են խանգարում: Որոշ ժամանակ առաջ մրսել, վատառողջ է եղել, հիվանդանոցում են անցկացրել: Հիմա տանն է, հորեղբայրները հսկում են եղբորորդու խաղաղ քունը: Մայրը դեռ չունի այն հարցի պատասխանը, թե երեխայի ապագան ինչպիսին է պատկերացնում: «Չգիտեմ՝ ինչ կլինի հետո: Այս օրով ենք ապրում՝ առանց ապագայի մասին մտածելու»:
Սոֆին ցույց է տալիս տան սենյակները: Քանդված, խոնավ պատը մի քիչ ամրացրել են, չորանում է: Վառարանն էլ ամեն երեկո վառ է: Հատակին դրված են մի քանի տոպրակ հագուստը, որ վերջին պահին կարողացել են վերցնել իրենց հետ, եւ օգնություն ստացած մի քանի իրեր:
Կենցաղային պայմաններից, սակայն, չեն դժգոհում: Սուրիկ պապը ցույց է տալիս նոր փոխած տանիքը. մարզպետարանն է օգնել: Հարցնում եմ՝ իսկ տան վերակառուցման համար այլ անհրաժեշտ պարագաներ, օժանդակություն չի՞ եղել, ասում է՝ տվել են, էլի, էլ ի՞նչ տան, եղածից էլ գոհ ենք:
Շատ բան է տեսել Սուրիկ պապը՝ Արցախյան ազատամարտ, քառօրյա, քառասունչորսօրյա պատերազմներ: Արցախից գալուց հետո էլ հայրենի Բարձրունու սահմաններին է եղել տեւական ժամանակ: Ականջն ու սիրտը սովոր են կրակոցներին էլ, դրանց անդառնալի հետեւանքներին էլ: «Հիմա էլ կրակոցներ կան, ով է ասում ՝ կրակոցները դադարել են: Ով ասում է, խաբում է: Երբ քեֆները լավ է լինում, կրակում են»,- ասում է սահմանին ծնված, սահմանը պահած ու սահմանին որդիներին կորցրած Սուրիկ պապը:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: