Քսաներեքամյա Անդրանիկին զինկոմիսարիատից են զանգել, բայց այնպես է ստացվել, որ նա կամավոր է մեկնել պատերազմ: «Հեռախոսիս զանգ էր եկել, չէի լսել, հետ զանգեցի: Ասացին, որ ինձ չեն զանգել: Ես գլխի ընկա, որ զինկոմիսարիատից է, անուն-ազգանունս ասացի, գտան. այդպես գնացի պատերազմ: Տնեցիներիս չէի ասել, որ գնում եմ, հասա Գորիս, հետո զանգեցի իրենց, այլապես չէին թողնի, որ գնամ,- ծիծաղելով պատմում է Անդրանիկը,- գիտեի, որ մամաս քառօրյայի ժամանակ էլ էր շատ մտահոգվել, բայց պիտի գնայի»:
Ռազմի դաշտ մեկնել է պատերազմի առաջին օրից: Մռավ լեռան վրա է եղել: Քառօրյա պատերազմին էլ է մասնակցել, ժամկետային զինծառայող էր Մարտակերտում: Ասում է՝ այն ժամանակ էլ կարծում էր, որ մեծ պատերազմ կլինի, ու որոշել էր, որ պիտի մասնակցի, բայց այդ պատերազմը նման չէր այս մեկին, շատ ավելի թեթեւ էր:
Անդրանիկը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, չորրորդ կուրսի ուսանող է: Սիրում է սպորտով զբաղվել, ֆիլմեր դիտել, իսկ եթե ավելի շատ ազատ ժամանակ է ունենում, նաեւ կարդում է: Ասում է՝ ամեն ինչում փորձում է դրականը գտնել: Անգամ պատերազմի մասին է ժպիտով խոսում: «Պատերազմ մեկնելուս հինգերորդ օրը թշնամու լայնածավալ հարձակում եղավ, երեք հարյուրից հինգ հարյուր հոգով հարձակվել էին, մենք հազիվ երեսուն հոգի լինեինք: Մտածում էինք, որ սա վերջն է, բայց նաեւ հույս ունեինք, որ կապրենք: Շատ ծանր մարտեր էին, բայց կարողացանք դիմակայել, մի միլիմետր էլ չկարողացան առաջ գալ»,- հիշում է նա:
Հաճախ է պատահել, որ Անդրանիկն ու զինակից ընկերները մահից են փրկվել: «Սկզբնական շրջանում թշնամին մեր տեղը չգիտեր, կրակում էին մեր կողմը, բայց չէին կարողանում թիրախավորել: Հետո բացահայտեցին մեր տեղը ու հենց մեր խրամատի վրա էին կրակում: Եթե առաջ կարողանում էինք մի քիչ ազատ քայլել, հիմա ամեն վայրկյան վտանգ կար: Մեզ արդեն շատ էին ճնշում, մերոնք փորձում էին հրետանիով օգնել մեզ:
Մի անգամ ես ու ընկերս ուզում էինք դուրս գալ, որ կրակենք, դե, մի զենքի վրա երկուսով էինք, տղերքից մեկն ասաց, որ սիրտը կախ է, մի քանի վայրկյան էլ սպասենք: Հետ եկանք, ու այդ պահին կրակեցին մեր կանգնած տեղը: Մոտ տասը վայրկյանի տարբերությամբ փրկվեցինք»:
Անդրանիկն ու ընկերները թե՛ հուսահատության, թե՛ ոգեւորության պահեր են ունեցել, բայց երբեք չեն կորցրել հումորի զգացումը: «Մեզ հետ մի մարդ կար, Ստեփանակերտից էր, սննդի հարցերով էր զբաղվում: Լարված կռվի ժամանակ ասում էր. «Տղե՛րք ջան, հասկանում եմ, որ կռվում եք, բայց հացը սառեց»»,- ծիծաղում է Անդրանիկը:
Ասում է՝ ուտելիքի խնդիր երբեք չեն ունեցել ու հասցրել են նորմալ սնվել, բայց մեկ-մեկ էլ թշնամին խանգարել է ու իրենց ուտելու ընթացքում է հարձակում սկսել: «Մեր դիմաց մեծ բազա ունեին, երկու օրը մեկ չորս մեքենայով մարդ ու տեխնիկա էին բերում, մենք էլ կանխում էինք իրենց առաջխաղացումը: Գալիս էին, վերացնում էինք, էլի գալիս էին, էլի վերացնում էինք, բայց չէին պրծնում դրանք: Մեր թեւում շատ ենք վնասել թշնամուն. թե՛ շատ տեխնիկա ենք խփել, թե՛ մարդուժի կորուստ ենք պատճառել: Ուրախ եմ, որ գոնե կարողացել ենք մեր խնդիրը կատարել»,- ասում է Անդրանիկը:
Անդրանիկի կարծիքով մեր պարտության պատճառը անհավասար կռիվն էր. թշնամու ուժը մեծ էր, հատկապես օդում առավելություն ուներ: Իսկ ինչ վերաբերում է պատերազմը դադարեցնելուն, Անդրանիկը կարծում է, որ ոչ թե այդ փաստաթուղթը պետք է ստորագրվեր, այլ այնպես արվեր, որ պատերազմը չսկսվեր:
Վերջում զրուցակցիս խնդրում եմ լուսանկարներ ուղարկել, ծիծաղում է. «Թշնամին թողե՞ց, որ մարդ նորմալ նկար ունենա»: