Գյուղատնտեսության հարցերն ուսումնասիրող «Սովեկոն» ընկերության կանխատեսմամբ աշխարհում ցորենի պաշարները 2022-2023 թվականների գյուղատնտեսական տարվա վերջի դրությամբ կբավականացնեն 18 շաբաթ։
«Սա զգալիորեն գերազանցում է 2007-2008 թվականների 11 շաբաթվա ռեկորդային ցածր ցուցանիշը»,- նշել են վերլուծաբանները:
Հացահատիկ արտահանողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Զերնինը իրավիճակը բացատրել է նրանով, որ հացահատիկ մատակարարող ռուսական շատ ընկերություններ չունեն բավարար կապիտալ եւ փոխադրամիջոց։ Այդ հանգամանքներով պայմանավորված՝ ձեռնարկությունները կտրված են հացահատիկի համաշխարհային շուկայից։
Այնուամենայնիվ, Զեռնինի հաշվարկներով, մինչեւ հուլիսի 1-ը համաշխարհային շուկան կստանա 2-3 միլիոն տոննա ռուսական հացահատիկ։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դմիտրի Պատրուշեւը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանում այս տարի ակնկալում են հացահատիկի ռեկորդային բերք, որը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը եւ կմոտենա առավելագույնին։
Ըստ նրա՝ 2021-ին Ռուսաստանը հավաքել է 120 միլիոն տոննա հացահատիկ, այդ թվում՝ գրեթե 76 միլիոն տոննա ցորեն։ Հացահատիկի աննախադեպ ռեկորդ է գրանցվել 2017-ին, երբ բերքը կազմել է 135 միլիոն տոննա, իսկ ցորենը՝ 86 միլիոն տոննա։