ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարել է, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք եւ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ «Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, եւ նույնն ակնկալում ենք թուրքական կողմից»,- նշել է ՀՀ արտգործնախարարը։
Նա հավելել է, որ չնայած բոլոր ռիսկերին եւ փխրունությանը՝ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, եւ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։
Հարցին՝ ինչպե՞ս է այժմ ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Միրզոյանը նշել է, որ թեեւ լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, սակայն շատ հարցեր դեռեւս լուծված չեն։ Ադրբեջանը հրաժարվում է հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց ազատ արձակելուց, պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։
Նախարարը հավելել է, որ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման եւ ինքնության խեղաթյուրման իրական վտանգ կա։ Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության գործուղումը հակամարտությունից տուժած տարածքներ, ինչը կօգնի լիակատար ոչնչացումից պաշտպանելու հայկական ժառանգությունը։
«Այնուամենայնիվ, լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, եւ Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- շեշտել է նախարարը: Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ ենք բանակցություններ սկսելու Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը եւ նրա վերջնական կարգավիճակը։
«Եթե Ադրբեջանը դրսեւորի կառուցողական մոտեցում եւ զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը: