Կորոնավիրուսի համաճարակի եւ Արցախյան պատերազմի հետեւանքները վերացնելու նպատակով կառավարությունը քննարկում է կրճատել պետական ծախսերը:
«Ազգային ժողովը 2020 թվականի 5,6 մլրդ դրամից 1,3 մլրդը վերադարձրել է պետական բյուջե: ԱԺ նախագահի հանձնարարությամբ բոլոր տողերի վրայով անցել էին, եւ կրճատումներով ու ծախսերի արդյունավետությամբ այդքանը խնայվել էր: Դա 10 տոկոսը չէ, դա 20 տոկոսից ավելին է: Եվ եթե բոլոր գերատեսչությունների ղեկավարները գործեն այդ տրամաբանությամբ, կարծում եմ, այո՛, հանգիստ կարելի է 10 տոկոս խնայել՝ սկսած գրիչ-թուղթ-գործուղումից: Բայց դա նշանակում է ոչ թե ծախսերի կրճատում, այլ արդյունավետության բարձրացում»,- «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, թե «10 տոկոսի շրջանակում քննարկում կազմակերպելը հունվար-փետրվարին համարում ենք շատ ողջամիտ գործընթաց»:
Դեռեւս տարեվերջին, երբ ընդունվում էր 2021-ի բյուջեի նախագիծը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ պատերազմի ազդեցությունը գնահատված չէ: Բայց ընդունելուց հետո կարող են փոփոխություններ անել: Իսկ բյուջեով նախատեսված ծախսերի 10 տոկոսով կրճատումը, եթե դա իրական մտադրություն է, կարող է լինել 180-200 մլրդ դրամի միջակայքում:
Հայաստանի տնտեսությունը 2020 թվականին ունեցել է մոտ 8 տոկոսի անկում եւ 217 մլրդ դրամի բյուջեի թերակատարում: Համաճարակի եւ պատերազմի հետեւանքով անցած տարի արդեն հաստատված բյուջեն կրճատվել էր մոտ 13 տոկոսով: Ճգնաժամը կպահպանվի նաեւ այս տարի: Այնպես որ այս տարվա համար նախատեսված մոտ 1,5 տրլն եկամուտների հավաքումը հարցականի տակ է: Բացի այդ՝ պատերազմի պատճառով այս տարի կառավարությունը պետք է կատարի մի քանի հարյուր միլիոն դոլարի չնախատեսված սոցիալական ծախսեր՝ փոխհատուցումներ զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին, տեղահանվածներին, հնարավորինս պետք է վերականգնի պաշտպանական կորցրած հնարավորությունները: Դրանք առաջնահերթություններ են, ու այդ ծախսերից դուրս գալու համար պետք է «գոտիները ձգել»:
Բայց Մհեր Գրիգորյանի նշած ժամկետը մոտենում է ավարտին, կառավարությունը դեռ չի հստակեցնում, թե այդ ուղղությամբ ինչ է արել կամ ինչ է պատրաստվում անելու՝ որ ծախսերն է կրճատելու, որտեղ ավելացնելու, որոնք է գնահատելու արդյունավետ կամ ոչ արդյունավետ:
ԱԺ-ում նույնպես դրա մասին տեղյակ չեն, անգամ չգիտեն՝ կառավարությունը բյուջեն ինքնուրույն է փոխելու, թե փոփոխությունների նախագիծ է ներկայացնելու: Տեղյակ չեն նաեւ իշխանական «Իմ քայլի» անդամները: Այնուամենայնիվ, սպասում են, որ եթե ոչ առաջիկա օրերին, ապա տարվա ընթացքում բյուջեն կրճատելու մասին նախագիծ կդրվի քննարկման:
Պատգամավորներն առայժմ ինքնուրույն են քննարկում, թե որ ծախսերը կարելի է կրճատել կամ ավելացնել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը զգուշացավ ասելու, թե ինչ կրճատումներ կարելի է անել, բայց շեշտեց, որ անձեռնմխելի պետք է լինեն աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները: «Կարծում եմ, մեզ անհրաժեշտ է նոր բյուջե նոր առաջնահերթություններով, որը կհամապատասխանի նոր իրողություններին: Դա նշանակում է, որ անհրաժեշտ են նոր ռազմավարական ծրագրեր, որոնց հիման վրա կմշակվեն ու ԱԺ-ին կներկայացվեն 2021-ի բյուջեի փոփոխությունները: Ընդունված բյուջեն չի համապատասխանում եղած մարտահրավերներին, դրա համար էլ մեր խմբակցությունը տարեվերջին դրան դեմ էր քվեարկել»,- ասում է նա:
«Եթե ունենք բյուջե, որտեղ ռիսկայնությունը բարձր է, հնարավորինս պետք է սեղմենք: Քովիդը խնդիր է, որը վնասել է համաշխարհային տնտեսությանը, մենք դրա հետ միասին ունեցել ենք պատերազմ: Ես լինեի, 10 տոկոսով կկրճատեի Երեւանի քաղաքապետարանի ծախսերը եւ կուղղեի պաշտպանությանը»,- ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորն գտնում է՝ կարելի է մտածել նաեւ կապիտալ ծախսերը կրճատելու մասին: Սրանք հիմնականում ճանապարհների, ենթակառուցվածքների վերանորոգմանն ու կառուցմանն ուղղվող գումարներն են: Այդ ծախսերի ավելացումը միշտ խրախուսվել է, բայց վերջին տարիներին դրանք թերակատարվել են, այսինքն՝ հատկացված գումարն ամբողջությամբ չի ծախսվել: Վարչապետը դա բացատրում էր կոռուպցիոն ռիսկերով: Այսինքն՝ դեռեւս չեն կարողանում կանխել այդ գումարներից գողությունը:
«2018-2019 թվականներին կապիտալ ծախսերը կատարվել են մոտ 70 տոկոսով, անցած տարի այդ ոլորտին հատկացված 268 մլրդ դրամից 227 մլրդն է ծախսվել: «Դա նշանակում է, մենք չենք կարող սպասարկել այդ ծավալը, ներուժը չկա: Դա նույնպես պետք է ուղղել պաշտպանության ոլորտ. 500 կմ սահման է ավելացել, անհրաժեշտ են ինժեներական նոր կառույցներ, զինտեխնիկա է ոչնչացվել, պետք է համալրվի: Եթե արտաքին անվտանգությունը չես ապահովել, տնտեսության մասին չես կարող մտածել»,- ասում է Ս. Բագրատյանը:
Պատգամավորը կարծում է, որ կառավարությունը պետք է դիմի Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին ու նոր պարտքեր վերցնի՝ չվախենալով, որ կավելանա արտաքին պարտքը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։