«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ Հորդանան գետի ափամերձ մի հատվածը, որտեղ տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի մկրտությունը, փոխանցվել է Վրաստանին: Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդի անմիջական մասնակցությամբ փոխանցված այդ տարածքում վրացական մշակութային կենտրոն կկառուցվի։
Ղարիբաշվիլին, որը ներկա է եղել Հորդանան գետի մոտ՝ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածքը Վրաստանին հանձնելու պաշտոնական արարողությանը, կատարվածը պատմական իրադարձություն անվանելով, նշել է, որ 300 տարվա դադարից հետո Վրաստանը կրկին վերադառնում է Ավետյաց երկիր:
Վրաստանի վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել Հորդանանի արքայազնին` հողը Վրաստանին տրամադրելու համար։ Կառավարության ղեկավարը նշել է, որ արքայազն Ղազի ներդրումը վճռորոշ է եղել վերջնական որոշում ընդունելու ժամանակ, եւ Վրաստանը մեծապես գնահատում է այդ քայլը։
Ղարիբաշվիլին առաջին անգամ դրա մասին հայտարարել էր հունվարի 19-ին Սամեբայի տաճարում՝ պատարագից հետո: