«Քսանհինգ տարեկան եմ, ծնվել եմ Եղեգնաձորում, այժմ ապրում եմ Երեւանում: Տասնչորս տարեկանից հաճախել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, հետո ուսումս շարունակել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ավարտելով ստացել եմ լեյտենանտի կոչում եւ 2016 թվականից սկսել եմ ծառայել Արցախում։ Մինչ պատերազմը օրս սկսվում էր զորամաս գնալով, իսկ ազատ ժամանակս նկարում էի․ ուսանողական տարիներից սկսած`շատ եմ սիրում նկարել։ Ծառայության ժամանակ ամենալավ օրերը շաբաթը եւ կիրակին էին, երբ տանն էինք լինում ու կարողանում էինք երկար քնել։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ զանգեցին ու ասացին՝ տագնապ է, կարծեցի՝ ամենօրյա ստուգում է։ Բայց արթնանալով հասկացա, որ Մարտունի քաղաքը հրետակոծվում է: Անմիջապես հագա համազգեստս ու գնացի զորամաս»,- այսպես է սկսում մեզ հետ զրույցը նախկին սպա Սեւակ Հարությունյանը։
Սեւակը չորս տարի եղել է դասակի հրամանատար: Երբ սկսել է ծառայությունը, Քառօրյան նոր էր ավարտվել, տեսել է դրա թողած հետքերը, գիտակցել՝ ինչ է պատերազմը, եւ կարծում է, որ պատրաստ էր այս պատերազմին։
«Սկզբում միանշանակ անհանգստության զգացողություն ես ունենում, հետո կարողանում ես սթափ դատել իրավիճակը։ Մտքումդ քաոս է սկսվում, եւ այդ պահին չես մտածում քո մասին, մտածում ես ծնողներիդ մասին, քո հրամանատարության տակ ծառայող զինվորների մասին, քեզ առաջադրված խնդրի մասին, որը պետք է ճիշտ եւ հստակ կատարես»,- պատմում է մեր զրուցակիցը։
Սեւակը պատերազմի օրերին հիմնականում եղել է Մարտունու տարբեր հատվածներում եւ Ջրականում։ Զինվորների տրամադրությունը շատ բարձր է եղել, ոգին՝ հաղթական, տասնութ-տասնինը տարեկան երիտասարդները կարողացել են հանձնարարությունները բարձր մակարդակով կատարել։ Ծանր պահերին միշտ փորձել են իրենց կյանքի երջանիկ պահերը հիշել. ժպտալն է օգնել, կռվի պահերին էլ են ուրախ դեպքեր եղել: Ամեն անգամ սնունդ բերելիս տղաները շտապել են նամակները եւ սնիկերսները վերցնել, մի անգամ զինվորներից մեկը չի հասցրել վերցնել, ասել է՝ «Տվե՛ք ինձ, ես սիրած աղջիկ չունեմ, բախտս բացվի»։
«Երկու անգամ կարծել եմ՝ վերջ, այլեւս ելք չկա, ուր որ է փամփուշտը կխլի կյանքս, անգամ զանգել եմ ծնողներիս, հրաժեշտ տվել ու ասել՝ եթե առավոտյան զանգեմ, ուրեմն ողջ եմ։ Աստված իրոք մեծ էր, մենք էլ չհասկացանք, թե ինչպես անհույս տեղից ելք գտանք, մինչեւ հիմա էլ չեմ կարողանում հավատալ։ Իսկ երրորդ անգամ բախտս բերեց, ամեն ինչ ավարտվեց վնասվածքով: Նոյեմբերի 7-ին Մարտունի 2-ում էի, դուրս էի եկել կամավորներից մեկի ծնողներին տեսնելու, մի քանի րոպե էր, ինչ զրուցում էինք, երբ տանկը կրակեց, երկու արկ ընկան մեզնից մի փոքր հեռու, հասկացա, որ մեզ նկատել են, ու անմիջապես վազեցի դեպի խրամատ, հինգ մետր էր մնացել, որ հասնեի, երբ երրորդ արկը ընկավ դիմացս, աչքերս բացեցի, տեսա՝ խրամատի մեջ է գցել ինձ։ Այդ պահին ոչինչ չէի զգում, միայն երջանիկ էի, որ ողջ եմ. ցավոք, հետո տեսա, որ դիմացիս զինվորը մահացել է։ Հետո ինձ Երեւան տեղափոխեցին, մարմնիս աջ հատվածում բեկորային վնասվածքներ էի ստացել՝ ոտքիս, ձեռքիս եւ գլխիս։ Դեռ լրիվ չեմ ապաքինվել, հիվանդանոցային ծախսերը պետությունն է հոգացել»,- պատմում է Սեւակը։
Պատերազմի ավարտի մասին լուրը ստացել է հիվանդանոցում, անմիջապես զանգել է տեղեկանալու մյուսներից, բոլորը բարեբախտաբար ողջ եւ առողջ են եղել, իրեն էլ ասել են՝ «Երկու օրն ինչ էր, դիմանայիր, չվիրավորվեիր»։
Զգացողությունների մասին նախընտրում է լռել։ Նախկին սպան չի համարում, որ պարտվել ենք․ մենք կռվել ենք երեք պետության դեմ, մեր տասնութ-տասնինը տարեկան զինվորները կռվել են քսանհինգ-երեսուն տարեկան վարձկանների դեմ, մենք քառասուն օր պայքարել եւ դիմադրել ենք այդ անհամեմատելի անհավասար ուժերով կռվում, տարածքային առումով ենք միայն պարտվել եւ այժմ պետք է կենտրոնանանք մեր հակաօդային ուժերը հզորացնելու վրա։
«Դեռ այդքան էլ չեմ հարմարվել քաղաքացիական կյանքին, պատերազմից հետո, երբ հասկանում ես՝ ինչ թանկ է հայրենիքը, եւ ընդհանրապես ինչ թանկ են մարդու համար կյանքի մեկ օրը, ժամը, րոպեն, վայրկյանը, չես ցանկանում անիմաստ կորցնել, քեզ էլ չի տրվելու երկրորդ հնարավորությունը։ Կյանքդ, արժեքները հիմնովին փոխվում են, միայն ժամանակը եւ խելամիտ ապրելը կօգնեն պատերազմի ամիսներին զգացածը հաղթահարելու»,- այսպես է ավարտում զրույցը Սեւակը։
Սպան վնասվածքների պատճառով ծառայությունը ավարտել է 2020 թվականի նոյեմբերից, այժմ հիմնական ժամանակը անցկացնում է նկարելով՝ փորձելով այդպես մարդկանց փոխանցել ասելիքը, ապրածը։ Իսկ հիմնական աշխատանք այս պահին չունի. դեռ փնտրում է։