Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը մայիսի 30-ին ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը։
Ըստ Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրության՝ ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ Սեդրակ Թեւոնյանն ընդգծել է, որ կարեւորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։
Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես Գիլան եւ Մազանդարան նահանգների հետ։ Նա խոստացել է համագործակցության օղակ դառնալ Իրանի մյուս նահանգների եւ մարզի միջեւ հարաբերությունների հաստատման հարցում։
Աբբաս Բադախշան Զոհուրին եւ Սեդրակ Թեւոնյանն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը եւ այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: