Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոեւը մայիսի 30-ի ուշ երեկոյան կասեցրել է Ռուսաստանին միանալու վերաբերյալ ավելի վաղ հայտարարված հանրաքվեն՝ սպասելով Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտին։
«Լիովին աջակցելով Հարավային Օսիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հետագա ինտեգրման վերաբերյալ քաղաքացիների նախաձեռնությանը՝ ես որոշում եմ անհապաղ խորհրդակցություններ անցկացնել ռուսական կողմի հետ հետագա ինտեգրման վերաբերյալ հարցերի ամբողջ շրջանակի շուրջ։ Մինչեւ խորհրդակցությունների ավարտը կասեցնել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի 2022-ի մայիսի 13-ի հրամանագիրը»,- ասված է Ալան Գագլոեւի հրամանագրում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հուլիսի 17-ին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը ստորագրել էր Հարավային Օսիայի այժմ նախկին նախագահ Անատոլի Բիբիլովը հունիսի կեսին՝ արդեն ընտրություններում Գագլոեւին պարտվելուց հետո: Բիբիլովը պնդել էր, թե դա քայլ է դեպի ժողովրդի «ռազմավարական նպատակը», եւ որ Ցխինվալն այդ նպատակն իրականացնելու հնարավորություն ուներ դեռեւս 2014-ին, երբ Ղրիմը հանրաքվեից հետո վերամիավորվեց Ռուսաստանի հետ:
Ընդ որում՝ Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը դեռեւս ապրիլին հայտարարել էր, որ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեից բացի եւս մեկ հանրաքվե կարող է անցկացվել օսերի միավորման հարցով։
Ալան Գագլոեւը հանրաքվեի հարցում չի շտապում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հիմա զբաղված է աշխարհաքաղաքական հարցերով։ «Մենք պետք է հասկանանք մեր ռազմավարական գործընկերոջը։ Հենց որ ազդանշան լինի, թե եկել է ժամանակը, այդ հանրաքվեն մենք անպայման կանցկացնենք»,- ասել էր Հարավային Օսիայի նորընտիր ղեկավարը:
Ռուսաստանը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2008-ի ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո, իսկ Հյուսիսային Օսիան ՌԴ-ի մաս է կազմում՝ մտնելով Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի մեջ։ Միջազգային հանրությունը Մոսկվայի որոշումը չի ընդունում: