Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դատն ընդդեմ Թուրքիայի պետության կկայանա մարտի 21-ին: Սրա մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքէջից, որտեղ նշված է, որ Կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով Թուրքիայի պետության դեմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դատի հարցը։ Մի քանի անգամ մերժելուց հետո թուրքական դատարանը վերջապես կքննի գործը:
2015 թվականի ապրիլի 27-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը։ Դատական հայցը, ըստ այս գործով զբաղվող փաստաբանների, բաղկացած է մոտ 100 էջից, հիմնված է պատմական, կրոնական, քաղաքական եւ իրավական տվյալների վրա։ Այն ներկայացնում է Սիսի կաթողիկոսարանի պատկանելությունը, նրա դերը Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ ժողովրդի կյանքում, Սահակ Բ կաթողիկոսի ու միաբանության հարկադիր հեռացումը կաթողիկոսարանից եւ դրա բռնագրավումը պետության կողմից։
Դատական հայցի նախապատրաստական աշխատանքով զբաղվել է թուրքական ու միջազգային դատավարական օրենքների մասնագետներից բաղկացած հանձնախումբը՝ Արամ Ա-ի գլխավորությամբ։
Թուրքական պետության դեմ նման դատ բացելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն առաջին անգամ հայտարարել է 2014 թվականի սեպտեմբերին Հայաստանում՝ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին՝ նշելով, որ Հայ դատի հարյուրամյա պահանջատիրությունը պետք է տեղափոխվի իրավական դաշտ:
Ըստ փաստաբանների՝ դատական այս հայցը ցեղասպանությունից հետո Թուրքիայից եկեղեցապատկան կալված պահանջելու առաջին իրավական քայլն է:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։