Իսրայելական Kan ռադիոկայանը հայտնել է, որ Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մայիսի 31-ին Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր:
The Jerusalem Post պարբերականի տվյալներով՝ համաձայնագրի ստորագրման շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96%-ի մաքսատուրքերը, ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը:
Դա առաջին նման համաձայնությունն է հրեական պետության եւ արաբական երկրի միջեւ: Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետի դիվանատունը ապրիլի 1-ին հայտնել էր, որ Իսրայելը եւ ԱՄԷ-ն ավարտել են բանակցություներն ազատ առեւտրի շուրջ համաձայնագրի պայմանների վերաբերյալ:
Երկու պետությունների միջեւ արդեն գործում են ավիացիոն հաղորդակցության, անայցագիր ռեժիմի, ներդրումների պաշտպանության եւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության համաձայնագրերը, ինչպես նաեւ փոխըմբռնման շուրջ մի շարք հուշագրեր:
«Աբրահամյան համաձայնագրեր»-ն ուժի մեջ
Վաշինգտնում 2020-ի սեպտեմբերին իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր ստորագրեց: Արեւմուտքում եռակողմ գործարքն ստացավ «Աբրահամյան համաձայնագրեր» (The Abraham Accords Declaration) անվանումը: Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ: