ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմության մասին այսօր լրագրողներին ասել է․ «Բա ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, եթե դուրս են եկել փողոց։ Եթե ժողովուրդն է այդ մանդատն իրենց տվել, ինչո՞ւ չեն գալիս աշխատանքի»։ Սա քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդու միտք է։
Փողոցը նույնպես քաղաքական աշխատանք է ընդդիմադիր ուժի համար, որն ԱԺ-ում չի կարողանում լինել համոզիչ կամ ծանրակշիռ։ Բոլորովին այլ հարց է, թե ինչու չի կարողանում լինել համոզիչ կամ ծանրակշիռ։ Գուցե այստեղ մեծ դեր է խաղում այն, որ չափազանց արմատական են իրենց ընդդիմախոսություններում, իսկ այս ԱԺ-ն այն ԱԺ-ն չէ, որտեղ ընդդիմության արմատականությունը կարող է դեր խաղալ։
Այնպես չէ, որ իշխանությունն անհամեմատ համոզիչ է, բայց լեգիտիմության աստիճանը, նույնիսկ քաղաքական երեխայությունը նրանց հասարակության համար դարձնում է տանելի։
Փաստ է, որ ԱԺ-ն քաղաքական միակ ամբիոնը չէ ընդդիմության համար, եւ խորհրդարան չգալու համար նրանց աշխատավարձից կամ մանդատներից զրկելը մի քիչ անլուրջ է։ Իսկ եթե պիտի օրենքներ ներկայացնեն ու չեն ներկայացնում, նրանք արդեն ունեցել են փորձը, թե ինչպես իրենց, թող որ պոպուլիստական ու անհեռանկարային, օրենքներն իշխանությունը մերժել է։ Նույնն անում էին նաեւ նախկիններն այն ժամանակ, երբ ընդդիմությունը խորհրդարանում եւ փողոցում ավելի լեգիտիմ էր, քան իշխանությունը։
Հարցը մի փոքր այլ տեղ է։ Ընդդիմությունը փողոցում նույնպես ոչինչ չի կարողանում անել։ Բացարձակապես ոչինչ։ Քաղաքական խոսքի նշույլ փողոցում չկա։ Ոչ ոք չգիտի, թե Հայաստանը կամ Արցախը ինչ սպասի գործող ընդդիմությունից, եթե հանկարծ այն գա իշխանության։
Լավ, համարենք, թե ընդդիմությունը մանրամասն ասել է, թե ինչ կանի Հայաստանի կամ Արցախի համար, երբ գա իշխանության, թեպետ ճիշտ կանի, ընդունի, որ մինչեւ հիմա ոչինչ չի ասել։ Որովհետեւ եթե ասել է, ու ժողովրդի թիվը չի ավելանում, ուրեմն ավելի լավ է չասեր։ Իսկ եթե չի ասել, դեռ կարելի է մտածել, թե մի օր գուցե կասի։
Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանը թող ընդդիմության դարդը չլացի, ընդդիմությունն ինքը կարող է լացել իր դարդը, քանի որ բացարձակապես անպտուղ է ու ընդունելություն չի գտնում հասարակության մեջ փողոցում, որտեղ, ըստ իրեն, պետք է լիներ ավելի համոզիչ կամ ծանրակշիռ, քան խորհրդարանում։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: